Ծիսական գիտելիքներ : Ինչո՞ւ են Քրիստոնէութեան ճանապարհները տանում դէպի Հռոմ
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Այգ

Ծիսական գիտելիքներ : Ինչո՞ւ են Քրիստոնէութեան ճանապարհները տանում դէպի Հռոմ

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

02 Ağustos 2020  

Ինչո՞ւ են Քրիստոնէութեան ճանապարհները տանում դէպի Հռոմ



Հռոմը դժուարին տարի է ապրում: Համաճարակով պայմանաւորուած կտրուկ անկում ապրեցին զբօսաշրջութիւնն ու ուխտագնացութիւնը: Հարիւրամեակների ընթացքում, պատերազմներից եւ համաճարակներից յետոյ, Հռոմը միշտ վերածուել է քրիստոնէական ուխտագնացութիւնների էպիկեդրոնի, քանզի այստեղ են նահատակուել Սուրբ Պետրոսը եւ Սուրբ Պօղոսը, եւ այստեղ են գտնւում նրանց դամբարանները:

Թէեւ յուլիս ամսուայ ընթացքում նկատուեց եւրոպացի զբօսաշրջիկների եւ ուխտաւորների որոշակի հոսք, այնուամենայնիւ, 2020 թուականը՝ ամենայն հաւանականութեամբ կը նշանաւորուի ամբողջ աշխարհից Հռոմ այցելողների թուի կտրուկ նուազմամբ: Ստեղծուած իրավիճակը տակնուվրայ է անում տեղական տնտեսութիւնը: Այս ամէնը տեղի է ունենում տասնամեակներ շարունակ չափազանց մեծ տնտեսական աճ գրանցած Իտալիայի մայրաքաղաքում: Հետեւելով զբօսաշրջային խոշոր կենդրոններ համարուող Ֆլորենցիայի եւ Վենետիկի օրինակին, շատ յաճախ, թւում է, թէ Հռոմը նոյնպէս իր բնակիչներից պահանջում է իրենց կեանքը յարմարեցնել զբօսաշրջութեան պահանջներին:

Պէտք է նշել, որ քրիստոնեաների համար ճամբորդութիւնը դէպի Հռոմ, աւելի ճիշդ՝ ուխտագնացութիւնը դէպի Հռոմ, պարզապէս հաճելի ժամանց չէ: Հռոմ այցելութիւն կատարելու պատճառը կարելի է փնտռել այն ողբերգական պատմութիւնների էջերում, որոնց մէջ ներկայացուած է Քրիստոնէութեան տարածման պատմութիւնը՝ դեռեւս մեր թուարկութեան առաջին դարից:

Նախկինում Վատիկանի տարածքում եղել է մեծ գերեզմանատուն: Իրականում, Սուրբ Պետրոսի նահատակութիւնը եւ շիրիմը պատճառ հանդիսացան, որպէսզի Պապական գահը հաստատուի այս՝ ոչ այնքան բարենպաստ վայրում: «Հին հռոմէացիների համար սա Թիպէր գետի ոլորքների մէջ գտնուող ճահիճ էր՝ տխրահռչակ մի վայր», - յիշեցնում է 2016-ից մինչեւ 2020 թուականը Հռոմում «La Croix» օրաթերթի մշտական թղթակից եւ 2019 թուականին «Salvator» հրատարակչութիւնում հրատարակուած «Guide étonné du Vatican» գրքի հեղինակ Նիքոլաս Սենէզը: Թէեւ այս բլուրը հռոմէացի հարուստ ընտանիքների համար ամարանոցային վայր էր դարձել, այնուամենայնիւ, դարերի ընթացքում, այն պէտք է վերածուէր քրիստոնէական սրբավայրի, քանի որ այստեղ է գտնւում Սուրբ Պետրոսի գերեզմանը:

Առաջին ուխտագնացութիւնները՝ դեռեւս հին ժամանակներից

Այստեղ կարելի է ուխտաւորների այցելութիւնների հետքեր գտնել դեռեւս հին ժամանակներից, իսկ Կոստանդիանոսի փափաքած տաճարը պէտք է դառնար 4-րդ դարում Քրիստոնէութեան տեսանելի խորհրդանիշերից մէկը: Հնագոյն դարաշրջանի աւարտից յետոյ կառուցուեցին պանդոկներ, որոնք նախատեսուած էին յատկապէս հին գերմանական երկրներից ժամանող ուխտաւորներին հիւրընկալելու համար: Այստեղից է սկիզբ առել Բորգօ թաղամասը:

Դարեր անց, Յոբելեանների կազմակերպումը, որի առաջին հրապարակումը թուագրւում է 1300 թուականին, նոր ռիթմ հաղորդեց դէպի Սուրբ Պետրոսի եւ Սուրբ Պօղոսի շիրիմներ կատարուող ուխտագնացութիւններին, մինչդեռ, Միջին դարերի կէսերին Հռոմը կորսնցրեց իր երբեմնի հռչակը՝ տեղը զիջելով Սանթիակօ տէ Քոմփոսթելային եւ յատկապէս՝ Երուսաղէմին, հանգրուաններ, որոնց մասին առասպելներ են հիւսուել խաչակիրների կողմից:

20-րդ դարի վերջ. նոր շունչ

Մէկ այլ դժուարին շրջափուլ էր սպասւում նաեւ արդի ժամանակներում, երբ Սրբազան Քահանայապետի եւ Իտալիայի նոր հանրապետութեան միջեւ առաջացած տարաձայնութիւնները, աւելի ուշ նաեւ՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմը պատճառ հանդիսացան, որպէսզի Պապը եւ Վատիկանը յայտնուեն մեկուսացման մէջ: Եւ, միայն 1950 թուականի Սուրբ Տարուանից սկսած, Պիոս ԺԲ Քահանայապետի շնորհիւ, ուխտագնացութիւնը դէպի Հռոմ հասանելի դարձաւ աւելի ու աւելի մեծ թուով քրիստոնեաների համար:

1975 թուականի Սուրբ Տարին վերականգնեց բազմաթիւ կաթողիկէների կապը Պետրոսի Աթոռի եւ Սուրբ Պօղոս Զ-ի հետ, քանի որ Եկեղեցական ժողովների ճգնաժամերից յետոյ ոմանք ստիպուած էին եղել հեռանալ Հռոմից՝ ֆիզիքապէս, խորհրդանշական առումով եւ հոգեպէս: Այն ֆիզիքական ջանքերը, որ գործադրւում են Հռոմ գալու եւ Սրբազան Քահանայապետին տեսնելու, ինչպէս նաեւ Սուրբ Պետրոսի գերեզմանի մօտ հաւաքուելը ճշմարիտ ուղուց հեռացած կաթողիկէներից շատերի համար լաւագոյն առիթն էր հաւատքի մէջ վերստին հաստատուելու՝ դառնալով Քրիստոնէութեան արմատներին՝ ո՛չ թէ միայն գաղափարներին եւ իտէալներին:

Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետն իր գահակալութեան գագաթնակէտը տեսաւ 2000 թուականի մեծ Յոբելենական տարուայ ընթացքում, երբ բազմաթիւ արարողութիւններ կազմակերպուեցին եւ հեռասփռուեցին ամբողջ աշխարհով, ինչը եւս մէկ հնարաւորութիւն էր արժեւորելու Հռոմի եւ Վատիկանի բացառիկ կարեւորութիւնը: 2016 թուականին՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հաստատուած Ողորմութեան Յոբելենական տարուայ ընթացքում, միլիոնաւոր ուխտաւորներ այցելեցին Հռոմ:

2020 թուականը ծանր ժամանակաշրջան էր բոլոր նրանց համար, ովքեր նպատակ ունէին ուխտագնացութիւն կատարել եւ բոլոր նրանց, ովքեր գործունէութիւն են ծաւալում այս ոլորտում, ուստի, անհրաժեշտ է, որ յառաջիկայ տարիներին հնարաւորութիւն ունենանք վերստին բացայայտելու Հռոմ ուխտագնացութեամբ այցելելու ուրախութիւնը՝ ոչ միայն վիրթուալ տիրոյթում, այլ՝ ֆիզիքական ներկայութեամբ: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից 2025 թուականն արդէն իսկ յայտարարուել է Յոբելեանական տարի (մինչ 2033 թուականը, երբ նախատեսւում է նշել Քրիստոսի չարչարանքների եւ Յարութեան երկու հազարերորդ տարեդարձը), ինչը եւս մէկ անգամ հնարաւորութիւն կ’ընձեռի «վերյիշելու, թէ ինչ ասել է ուխտագնացութեամբ այցելել Սուրբ Պետրոսի գերեզման»:

+