Ծիսական գիտելիքներ : Հոկտեմբերի 7-ը Վարդարանի Տիրամօր տօնն է, իսկ հոկտեմբերը՝ Վարդարան աղօթելու ամիս
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Շաւաղօտ

Ծիսական գիտելիքներ : Հոկտեմբերի 7-ը Վարդարանի Տիրամօր տօնն է, իսկ հոկտեմբերը՝ Վարդարան աղօթելու ամիս

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

07 Ekim 2020  

Հոկտեմբերի 7-ը Վարդարանի Տիրամօր տօնն է, իսկ հոկտեմբերը՝ Վարդարան աղօթելու ամիս



«Մարիամի հետ՝ աղօթել Քրիստոսին» Սբ. Յովհաննէս Պօղոս ԲՀոկտեմբերին Ընդհանրական Եկեղեցում մի առանձնայատուկ ժամանակ է՝ աղօթելու Տիրամօր Սուրբ Վարդարանը:

Տիրամօր Վարդարանի աղօթքի պատմութիւնը

Վանական աղօթքի աւանդոյթը կարևորում է Աստծոյ ներկայութեան մշտական զգացողութեան անհրաժեշտութիւնը: Լսելով «Անդադար աղօթեցէ՛ք» (Ա Թեսղ. 5:17) կոչը, Քրիստոսի օրինակին հետևելով, մէկը միւսի հետևից (ճգնաւորները, բենեդիկտեանները, ցիստերցեանները, կարտուզիականները) Տիրոջն օրհնում էին ցերեկուայ ու գիշերուայ տարբեր ժամեր՝ «Հայր մեր» աղօթքի կամ սաղմոսների վրայ խորհրդածելով: Արևելքի քրիստոնեաները, ովքեր աճել էին աստուածահայեցողութեան աւանդոյթի մէջ, առօրեայ կեանք ներմուծեցին Սուրբ Գրքից ընտրուած հատուածների կամ էլ Յիսուսի աղօթքի՝ «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Որդի Աստծոյ, ողորմի՛ր ինձ», կրկնութիւնը: Նրանք այդ աղօթքը արտասանում էին շնչառութեան ռիթմով, օգտագործում էին քարեր, որպէսզի կենտրոնանային ու հաշուից չշեղուէին:

Յաջորդ դարերի ընթացքում Վարդարանը իր մէջ հաւաքեց տարբեր աւանդոյթներ, այդ թւում նաև՝ «Յիսուսի աղօթքը»: Արևմուտքի 8-րդ և 9-րդ դարերի վանքերում չկրթուած աշխարհականներին սովորեցնում էին աղօթել: Նրանք սովորում էին արտայայտութիւններ Սուրբ Գրքից, օրհներգութիւններ և «Տէրունական» աղօթքը: Այսպիսի փոխարինող սաղմոսարանն օգնում էր նաև վանականներին, ովքեր անգամ ֆիզիկական աշխատանք կատարելիս կարող էին ասել հարիւր յիսուն աղօթք, որը համապատասխանում էր սաղմոսների թուին:

Հետզհետէ՝ Սուրբ Աստուածածնի պաշտամունքի հետ կապուած, նոր ուղղութիւններ առաջացան մտաւոր աղօթքում: Մեզ յայտնի «Ողջո՜յն քեզ Մարիամ» (Ave Maria) աղօթքը ի յայտ է եկել 13-14-րդ դարերի ընթացքում, երբ միահիւսուեցին Հրեշտակային ողջոյնի աւետարանական ու Սուրբ Եղիսաբեթի խօսքերը: «Սև մահուան»՝ ժանտախտի, համաճարակը, որը ոչ ոքի չխնայեց միջնադարեան Եւրոպայում, հանգեցրեց նրան, որ «Ողջոյն քեզ, Մարիամ» աղօթքին միացրեցին Մարիամին ուղղուած խնդրանքը. «բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.ամէն»: Պատահել է, որ մօտ 50 կամ 150 անգամ կարդացել են «Ողջոյն Մարիամ»՝ ի յիշատակ աշխարհի արարման: Աստիճանաբար, միացուել են 150 այլ դիտաւորութիւններ:

Հետաքրքիր են «Վարդարան» աղօթքի անուան ծագման հետ կապուած վարկածները: Դրանցից մէկը մեզ տանում է դէպի Հեռաւոր Արևելք, որտեղ մարդիկ խորհրդածութեան ժամանակ աղօթքի պսակ կամ աղօթահամրիչ էին օգտագործում: Հնդկական «japamalа» բառը նշանակում է «աղօթքների հաւաքածու» կամ «վարդերի ծաղկեփունջ» (japa – վարդ), որն օգտագործւում էր համրիչի վրայ աղօթքի իմաստով: Աղօթքի այդ ձևը 8-9-րդ դարերում ներթափանցեց իսլամ, իսկ 12-13-րդ դարերում՝ քրիստոնէութիւն: Դոմինիկեան միաբան Վիլհելմ դե Նուբրուկը, ով որոշ ժամանակ ապրել էր թաթարների հետ, գրում է. «Նրանք ևս մեզ նման կրում են աղոթահամիչներ»: Արևմտեան աւանդութեան մէջ կայ պատմութիւն՝ ցիստերցյան մի միաբանի մասին, ում Կոյս Մարիամն ասում է, որ իր ոտքերի տակ դրուած ծաղկեպսակը կարելի է փոխարինել «վարդերի պսակով» (գերմ.՝ Rosenkranz, վարդ – Սուրբ Աստուածածնի հետ խորհրդանշօրէն կապուած ծաղիկ)՝ «Ողջոյն քեզ, Մարիամ» աղօթքի բազմակի կրկնողութեան տեսքով:

15-րդ դարում աղօթքի երկու կողմերը վերջնականապէս միահիւսուեցին. աղօթքի բազմակի կրկնութիւնն ու Յիսուսի և Մարիամի կեանքի իրադարձութիւնների մասին խորհրդածութիւնը:

Վարդարանի տարածմանը մեծապէս նպաստել են դոմինիկեանները, ովքեր սովորեցնում էին աղօթել միաժամանակ Աստուածաշնչի մասին խորհրդածելով: Մի Դոմինիկեան Բրետոնից, Երանելի Ալեն դե լա Ռոշը (Alain de la Roche), կանոնաւորեց տարբեր աւանդոյթներն ու Վարդարանի աղօթքները բաժանեց 15 տասնեակի (1 «Հայր մեր», 10 «Ողջոյն Մարիամ»), որոնք էլ իրենց հերթին բաժանուած էին երեք մասի: Նա այդ Վարդարանն անուանեց «Յիսուսի ու Մարիամի Սաղմոսարան»:

15-րդ դարում ի յայտ եկան Վարդարանի եղբայրութիւնները, որոնց համար առաջին կանոնադրութիւնը տուել է սուրբ Անդրեյ Քյոլնեցին՝ դոմինիկյան վանահայրը: Յայտնի է նաև Վարդարանի առաջի պատկերը (մօտ 1500 թ.), որտեղ՝ ձեռքին Վարդարան բռնած, պատկերուած է Մարիամը՝ Փոքրիկ Յիսուսի հետ, նրա կողքին ծնկի են իջած սուրբ Դոմինիկոսն ու նահատակ Պյոտր Վերոնացին, իսկ թիկնոցի տակ հաւաքուած են մեծաթիւ հոգևորականներ ու աշխարհականներ:

16-րդ դարում ապրած կարտեզիական Դոմինիկ Պրուսսացու շնորհիւ յայտնի դարձաւ Սուրբ Դոմինիկոսի մասին աւանդութիւնը, որի համաձայն, նա Կոյս Մարիամից ստացել է մարգարտէ վարդարան, որպէս զէնք՝ ալբիգոյացիների հերետիկոսութեան դէմ հոգևոր պատերազմում:

Վարդարանը ձևաւորուել է դարերի ընթացքում և չի կարելի նրա յայտնուելը, ծնուելը վերագրել միայն որևէ մէկ անձի: Անկասկած է այն, որ Սուրբ Դոմինիկոսի միաբանութեան թափառող քարոզիչներն, ովքեր հատեցին ամբողջ Եւրոպան, էապէս նպաստեցին այս աղօթքի տարածմանը:

Սուրբ Աստուածածնի Վարդարանը 1569թ. պաշտօնապէս հաստատեց Պիոս Ե Քահանայապետը (ի դէպ, դոմինիկյան միաբան):



Ինչու՞ հոկտեմբեր ամիսը

1571թ. հոկտեմբերի 7-ին Յունաստանի արևմտեան մասում գտնուող Լեպանտո բնակավայր մօտ, Իոնական ծովում տեղի ունեցաւ մի պատմական ճակատամարտ, որտեղ կաթողիկէ պետութիւնների «Սրբազան Լիգայի» նաւատորմիղը յաղթանակ տարաւ Օսմանեան կայսրութեան նաւերի հանդէպ: Թուրքական նաւատորմիղի ուժերը մի քանի անգամ գերազանցում էին Լիգայի ուժերին, և ամբողջ Եւրոպան կանգնած էր թուրքական ներխուժման վտանգի առջև: Պիոս Ե Քահանայապետը, որ թուրքերի դէմ պաշտպանութեան հիմնական առաջամարտիկներից մեկն էր, խնդրեց բոլոր եկեղեցիներում այդ օրը միասնաբար աղօթել Սուրբ Վարդարան և խնդրել Աստուածամօր օգնութիւնը Լիգայի ուժերի համար: Սուրբ Կոյսը ցոյց տուեց, որ Ինքը պաշտպանում է իր Սուրբ Եկեղեցին և լսում իր զաւակների աղօթքը: Այս յաղթանակից յետոյ Պիոս Ե Քահանայապետը հոկտեմբերի 7-ը հռչակեց Վարդարանի տօն և ամբողջ հոկտեմբեր ամիսը նուիրուեց Վարդարանի աղօթքին:

Քահանայապետերից շատերն են Վարդարան աղօթել, նրանց թւում՝ Լևոն ԺԳ, Սուրբ Յովհաննէս ԻԳ, Պօղոս Զ, Յովհաննէս Պօղոս Բ: Վերջինս իր «Կոյս Մարիամի Վարդարանը» ուղերձում, որը գրել է 2002թ-ին, Վարդարանը լրացրեց Լոյսի խորհուրդներով:

Վարդարանը երկմակարդակ աղօթք է: Առաջի մակարդակն իրականացւում է աղօթքի որոշակի տեխնիկայի կիրառմամբ. դա աղօթքի ռիթմիկ կրկնութիւնն է: Խօսքերի մեղեդայնութեան ու ռիթմի շնորհիւ սիրտն ու գիտակցութիւնը ազատւում են մտքերի հոսքից ու զգացմունքներից՝ կենտրոնանալով դէպի աստուածայինը: «Հայր մեր» կամ «Հրեշտակային ողջոյնը» աղօթքների խօսքերը մեզ օգնում են սրտով զգալ սրբերի օգնութիւնը: Կրկնութիւնը այն մեթոդներից մեկն է, որը մտորման ժամանակ օգնում է յիշել ու զգալ Սուրբ Երրորդութեան Անձանց ու Սուրբ Մարիամի ներկայութիւնը: Սուրբ Կոյսին անուանակոչելը թոյլ է տալիս տեսնել, թէ ինչպէս է Փրկչի անունը ներթափանցում մեր կեանք:

Ռիթմիկ կրկնութեան մակարդակը սերտօրէն կապուած է համրիչի օգտագործման հետ, որն օգնում է չափել աղօթքի ռիթմն ու կենտրոնանալ…



Վարդարանը հայոց մեջ

Գերյ. Հ. Մեսրոպ Հայունին (Թոփալեան) Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի՝ «Պսակ կուսին Մարիամու» առաքելական նամակի իր կողմից հայացուած տեքստի ներածականում գրում է, որ կան պատմական փաստաթղթեր, որոնք փաստում են, թէ հայերի մօտ Վարդարանի աղօթքը շատ սիրուած է եղել արդէն 16-րդ դարի վերջին քառորդից: 17-րդ դարասկզբում Հայաստանում արդէն կատարուել են Աստուածամօրը նուիրուած թափօրներ, որոնց ընթացքում Վարդարան եւ այլ աղօթքներ են ասուել, յատկապէս, Սեբաստիայում, Բրգնիկում, որտեղ Վարդարանը նաեւ ընտանեկան սիրուած աղօթք էր: Նախիջեւանի հայ կաթողիկէ տաճարում 1735-40թթ.-ից Աւագ Խորանը զարդարել է «Սբ. Վարդարանի Տիրամայր» կոչուող իւղապատկերը, որը նախատիպն է իտալական Պոմպեյ քաղաքի ուխտավայրի հրաշագործ սրբանկարի: 1666-1735թթ. ընթացքում եւրոպական քաղաքներում հայերէն հրատարակուած գրեթէ բոլոր քրիստոնէականներում կայ Վարդարանի աղօթքը՝ չորս խորհուրդներով աղօթելու կարգով: Վարդարանի աղօթքի հայոց մէջ տարածման հիմնական ալիքը սկսուեց Մխիթարեան Միաբանութեան հայրերի, յատկապէս, Մխիթար Սեբաստացու, ջանքերով: Սեբաստացին մեծագոյն հայ մարեմասէրներից է, ով հայկական մշակոյթի մէջ ամրացրեց Վարդարանի աղօթքը եւ այլ մարեմական աղօթքներ: 1735թ. Սեբաստացին հրատարակեց Վարդարանի առաջին հայերէն պատկերազարդ մատեանը, որը յետագայում վերահրատարակուեց եւս եօթն անգամ եւ հայ աշխարհում դարձաւ Սուրբ Գրքից եւ Նարեկից յետոյ ամենաշատ տպուած եւ պահանջուած գիրքը: Հայոց մէջ «Վարդարան» բառի առաջին սահմանումը տուել է Մխիթար Սեբաստացին՝ հետեւեալ կերպ. «Պսակը (այսինքն՝ աղօթահամրիչը-խմբ.), որ 150 Ողջոյն Քեզ Մարիամ-ներէն եւ 15 Հայր Մեր-ներէն կը բաղկանայ, կը կոչուի Վարդարան, զոր բարեպաշտները կ’աղօթեն ի պատիւ Կուսին: Անոր համար «Վարդարան» կ’անուանի, որովհետեւ ամէն մէկ «Ողջոյն Քեզ Մարիամ»-ի եւ «Հայր Մեր»-ի համար դրուած հատիկները իբր վարդեր պսակաձեւ շարուած են չուանի վրայ» (Պսակ Կուսին Մարիամու, Զմմառ, 2003):

Նաիրա Բաղդասարյան

Տ. Հովսեփ քհն. Գալստյան

+