Այլեւայլ : Ի՞նչ պատահեց Զոնկուլտաքի մեր հայ եւ յոյն հարեւաններին. Ահա՛ Պատասխանը
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Այլեւայլ : Ի՞նչ պատահեց Զոնկուլտաքի մեր հայ եւ յոյն հարեւաններին. Ահա՛ Պատասխանը

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

03 Mart 2019  

Ի՞նչ պատահեց Զոնկուլտաքի մեր հայ եւ յոյն հարեւաններին. Ահա՛ Պատասխանը

Ստորեւ՝ «Ակունք»ը թարգմանաբար ներկայացնում է թուրք ուսումնասիրող Քատիր Թունճերի Զոնկուլտաքում 2003 թ.ից գործող «Քարաէլմաս» լրագրողների միութեան «Պայրամ» թերթում լոյս տեսած հետազօտութեան առաւել ուշագրաւ հատո­ւածները.

Յայտնի է, որ մինչեւ բնակչութեան փոխանակումը, որն իրականացուեց 1923 թ. Յուլիսին, ինչպէս ամբողջ Անատոլիայի, այնպէս էլ Զոնկուլտաքի եւ շրջակայքի ամենահին բնակիչներից են եղել յոյներն ու հայերը: Հարիւրամեակներ շարունակ այդ հողերի վրայ ապրած հազարաւոր մարդիկ իրենց հետ տարել են նաեւ տխուր եւ ուրախ յիշողութիւնները:

Լա՛ւ, իսկ ովքե՞ր էին այդ յոյներն ու հայերը: Ինչո՞ւ, դէպի ո՞ւր, ինչպէ՞ս են նրանք գնացել, հեռացո­ւել: Նրանց երեխաներն ու թոռները հիմա որտե՞ղ են: Արդեօ՞ք գիտեն, որ իրենց պապերը` տան մեծերը, ովքեր հարկադրաբար են փոխել իրենց բնակավայրները, ծնո­ւել ու մեծացել են Զոնկուլտաքում, եւ որ այստեղից են եկել: Շրջանում գտնո­ւող եւ հարիւրաւոր տարիների պատմութեան վկաները հանդիսացող գերեզմանները վերջին 50-60 տարիների ընթացքում քանդւում եւ աւերւում են: Եկեղեցիները, այազմաները (յոյների համար սուրբ ջրերի տարածք, «Ակունք»), թեքքէներն ու նման այլ վայրեր, որոնք անտէր ու անխնամ են մնացել, քանդո­ւելուց էլ աւելի վատ ճակատագրի են արժանացել:

Միայն քրիստոնեաներին եւ յոյների ու հայերի համայնքներին պատկանող յուշարձանները չէ, որ աւերուել են. միեւնոյն ժամանակ 550 տարի այս հողերում բնակո­ւող մուսուլման-թիւրքմէնների որոշ գիւղերում գտնո­ւող խորհրդանշական քարերը, նոյնիսկ հին գերեզմանաքարերն էլ են այս նոյն բախտին արժանացել: Շրջանում բնիկ քրիստոնեայ բնակչութեանը պատկանող հետքերը ջնջո­ւել են ու շարունակւում են ջնջո­ւել, ինչի պատճառով մարդկանց գիտակցութեան մէջ անցեալի մասին պատկերացում­ները հետզհետէ աւելի աղօտ են դառնում, ստիպում են մոռանալ: Մոռացւում է նաեւ, որ շրջանի ցեղային-կրօնական պատկերը հարուստ ու բազմազան է եղել: Ձեռքիս տակ ունեցած փաստաթղթերի ու տեղեկութիւնների միջոցով կը փորձեմ լոյս սփռել մութ մնացած այս նիւթի վրայ:

Ահա 1920ական թթ. Զոնկուլտաքում ածխահանքների տէրերից ոմանք` Արթին Քարամանեան (Քարամանեան անունը ներկայում Զոնկուլտաքում մի փողոցի անո­ւանում է), Սթեֆան Եորկիատիս, Քոզմա էֆենտի (Քոզմա անունը ներկայում Զոնկուլտաք կենտրոնին կից Քիլիմլի գիւղաքաղաքում մի թաղամասի անուն է), Ճեւահիրճիօղլու Պոտոսաքի, Սեդրակ Փեմբեճեան, Սարգիս Ռաքըճըյեան, թենեքէճի Վասիլ, բարթընցի Միհայիլ Քոզմիտիս, բարթընցի Քոզմաօղլու Պետրոս, Հալաճեան Բարսեղ, Քարա Սիմօ, Ենեւիտոս Փասքալ եւ այլք: Զոնկուլտաքի առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի` 1923 թ. Մարտի 29ին կազմո­ւած 12 հոգանոց ղեկավար մարմ­նում վեցը քրիստոնեաներ էին: Ահա՛ զոնկուլտաքցի արհեստաւորներից ոմանք. կօշկակարներ՝ քուրուճաշիլեցի Ալեքօ, բարթընցի Փարթալճըօղլուներից Համբարձումօղլու Օսեկեան, չայճումայեցի Քոսթաօղլու Թոմա եւ այլք: Դերձակներ` դեւրեկցի Մինասօղլու Նշան, չայճումայեցի Թերզիպաշ որդիներից` Ագոփօղլու Թեւոր, բարթընցի Արագիլօղլու Պաղտասար, Միքրազօղլու Ղազարոս եւ այլք: Հիւսներ` էրեղլեցի Եորկի Սորմազօղլու Ալեքօ, քուրուճաշիլեցի Տեմէեանօղլու Փերիկլի եւ այլք: Քարտաշներ` սարֆանպոլո­ւեցի Իսթաւրի, սաֆրանպոլուլեցի Իսփիրօ եւ այլք: Վարսաւիր` դեւրեկցի Թաթէոսի որդիներից` Թագւուր: Նպարավաճառներ` քուրճաշիլեցի Եո­ւինտիօղլու Եամանտի, սաֆրանպոլո­ւեցի Թելլիօղլուներից` Եորկիօղլու Եորտան, չայճումայեցի Թելլիօղլուներից` Եորտանօղլու Պոտոս: Երաժիշտ` բարթընցի Կարապետ Արագիլ: Պանդոկապետ` Դեւրեկցի Մանուկի որդի Արթին: Սրճագործութեամբ զբաղո­ւող` սաֆրանպոլո­ւեցի Փոնազօղլուներից Եորտանի որդի Վասիլ: Ժամագործ` դեւրեկցի Քէշիշօղուլներից` Յակոբի որդի Պետրոս: Հացթուխ` քուճաշիլեցի Պարաշքոօղլու Տիմիթրի: Բարթընում ձու վաճառող` Տիմիթրի Թիլքիօղլու եւ այլք:

Եթէ ուշադրութիւն դարձնենք, ապա կը նկատենք, որ այդ անունները Զոնկուլտաքի եւ շրջակայ գաւառների բնակելի տարածքների անուններից են: 1892 թ. շրջանի անտառների գլխաւոր տեսուչ է եղել Կարապետ Քերեսթեճեանը, 1910 թ. Զոնկուլտաքի շրջանի ղեկավարը` Նիքոլաքին: 1916 թ. Յուլիսի 3ին Զոնկուլտաքի առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի ղեկավար մարմինի թեկնածուներ են եղել` Հըրիսթօ Ֆիտիսը, Հոճա Իսթեֆանը, Թոմա Ֆոթեատիսը, Օհաննէս Հազարապետեանը, Պոյաճըօղլու Անեսթին, Պոտոս Անթոմիլիտիսը, Հրանդ Փանոսեանը:

Քասթամոնո­ւում լոյս տեսնող «Աչըքսէօզ» թերթի 1920 թ. Դեկտեմբերի 27ի համարում` «Զոնկուլտաքի քրիստոնեայ/յոյն համայնքից 99 տուն բնակչութիւն Զոնկուլտաքից հեռացո­ւել է թուրք իրաւասուների միջոցով» վերնագրով լուր կայ: 1921 թ. Զոնկուլտաքում փաստաբաններ են եղել` Էֆթիմ Եորկիատիսը, սաֆրանպոլուլո­ւեցի Վասիլաքին, Սաֆրանպոլուլու Հըրիսթոն, Տայըօղլու Վասիլաքին: Ահա ածխահանքերում աշխատող բանո­ւորներից ոմանք` Արապսոնլու Եորկի Վելեթ Ափուսթոլ, Աքսաքալօղլու Քլովլու Վելեթ Տիմիթրի, Փաւլիի որդիներից` Փորիկաօղլու Նիքոլա, էրեղլեցի Քիրեմիտճիօղուլներից` Հըրիսթոօղլու Փանայոթ եւ այլք:

Չաթալաղզը-­Տողանճըլար գիւղում 1896 թ. ծնո­ւած Եագուպ Թորամանի` 1945 թ. գրող Թեքինի հետ արո­ւած ու «Տողու» թերթի 1945թ. 27-28 համարի 47րդ էջում հրապարակո­ւած զրոյցում Նազըմ Թեքինն իր հետ պատահած մի դէպք է պատմում, որն առնչւում էր շրջանի քրիստոնեայ համայնքին. «1913-14 թթ. Մատենում` Քըրաթից (Զոնկուլտաք քաղաքի սահմաններում գտնուող մի բնակավայր) դէպի Տամարլը (Քարատոնի գերեզմանոցի ու Կելիք ասֆալթէ ճանապարհի մօտակայքում) գնացող երկու ճանապարհների սկզբնամասում, անամօթները փորձում էին բռնաբարել Քեսենեճի Եարկոպլուսի փոքր քրոջը` Անասթասիային: Պատահաբար ես էլ էի այնտեղով անցնում: Երիտասարդ էի, ուժեղ էի, նրանց դէմ դուրս եկայ, ծեծկռտուք սկսո­ւեց, նրանք փախան: Ես էլ նրանց ձեռքից փրկեցի Անասթասիային»: Զոնկուլտաքում ու շրջակայքում յոյն, հայ քրիստոնեայ համայնքին պատկանող դպրոցնէր, եկեղեցի-այազմաներ, գերեզմանոցներ կային: 1920 թ. Զոնկուլտաքում առաջին անգամ «Օսմանեան Կայսրութեան կազմաւորման տարեդարձը նշելիս» քրիստոնեայ յոյն ու հայ համայնքի անդամ­ներն ու քահանաները` շատ գեղեցիկ հագնո­ւած յոյն ու հայ աղջիկների դպրոցի աշակերտուհիների ու ուսուցիչների, տնօրէնների հետ միասին շքախմբի ամենաառաջին շարքերում` իրենց ուսուցիչների կողքին քայլում էին: 1921 թ. Յունիսի 21ին էլ Պարթընում բնակուող յոյն համայնքը տեղափոխո­ւել է աւելի ներքին շրջան` Սաֆրանպոլու: 1921 թ. Դեկտեմբերի 29ին Զոնկուլտաքի եպիսկոպոս Գերմանոսը թերթերին հաղորդել է.- «Աղօթում ենք մեր հայրենիքի փրկութեան համար»: Դեւրեքի բնակչութեան գրանցամատեաններում տեղ գտած մի տեղեկութեան համաձայն՝ «Հայերի եւ յոյների վերաբերեալ ներքին գործերի (ներքին գործերի նախարարութիւն) Փետրո­ւարի 2ի 1340 (1924)159/4010, Զոնկուլտաքի նահանգապետարանի 1340 թ. եւ 556/172 համարով տրո­ւած հրամանով՝ մեր գաւառի (Դեւրեք) բնակչութիւնը նո­ւազեցո­ւել է. այս մասին գրո­ւած է Օմուր Չելիքտոնմեզի «Դեւրեքի պատմութիւն» աշխատութեան 163րդ էջում»:

Հարկադիր աքսոր-տեղահանութեան ենթարկո­ւելու վախից իսլամ ընդունած հայերի համար էլ գրքում մի էջ կայ` «Դեւրեքի Ռեշատիյէ թաղամաս» անունով: Դեւրեքի բնակչութեան գրանցամատեաններում 1321 (1905) տարեթո­ւով գրանցում­ների համաձայն՝ Ռեշատիյէ փողոցում գրանցո­ւած, ապա՝ իսլամը ընդունած հայերի մի մասի անուններն են` Իհսանիյէ օղլու Ահմեթ Սերի (նախկին անունը` Քէշիշօղլու Մալգուն), Հուտավերտիօղլու Մեհմեթ Զեքի (նախկին անունը` Հաճը Զերա), Հուտավերտիօղլու Ապտուլահ Շիւքրու (նախկին անունը` Թեմաքօղլու Միհրան), Թերզիօղլու Եագուպ (նախկին անունը` Հաճը Անթերիկ), Տաւութօղլու Քատիր Ճեմալ (նախկին անունը` Թերզիօղլու Թակուրի) եւ այլք: 1923 թ. Յուլիսի 23ին Զոնկուլտաքի շրջանից ու շրջակայ գիւղերից եկած հարիւրաւոր քրիստոնեաներ Զոնկուլտաքի նաւամատոյցից նաւեր են նստեցո­ւել եւ ուղարկո­ւել դէպի Յունաստան եւ այլ երկրներ: Պատմաբան-հետազօտող, գրող Օմիւր Չելիքտէօնմեզը Զոնկուլտաքի պատմութեան տեսակէտից շատ կարեւոր համարո­ւող իր «Դեւրեքի պատմութիւնը» վերնագրով աշխատութեան 158րդ էջից սկսո­ւող «Դեւրեքի հայերը» բաժնում գրում է.«Հաթիփլեր գիւղից Մեհմեթ Տերինը մանկութեան տարիներին մօր հետ ձու եւ եողուրթ վաճառելու համար Դեւրեքի շուկայ է գնացել ու այնտեղ հայերի տեսել: Հայ կանայք թուրք կանանցից տարբերւում էին միայն նրանով, որ հայ կանանց գլուխները բաց էին»:

1926 թ. Անգարայից եկող հրամանով եւ փոքրամասնութիւնների տեղահանութիւնը նախատեսող «Ընդհանուր հաւասարակշռութեան օրէնք»ի (Muvazene-i Umumiye Kanunu) համաձայն, Դեւրեքում բնակո­ւող հայերին երեք օր ժամանակ է տրո­ւել: Երբ հայերը հասկացել են, որ իրենց գնալն այլեւս անխուսափելի է, վաճառքի են հանել իրենց անշարժ գոյքը: Գոյքի մեծ մասը շատ էժան գնով են վաճառել: Այդ օրերի ականատես վկաներից դեւրեքցի Ալի Աքայան ասում է.- «Հայերը անձրեւոտ մի օր, երեխաների լացի ձայների ուղեկցութեամբ, Դեւերքից հեռացան, նրանց մի մասը Զոնկուլտաքից, մի մասն էլ Էրեղլիից նաւ նստեց ու գնաց Պոլիս»: «Չայ­ճումայի պատմութիւն» աշխատութեան հեղինակ Հասան Աթամանը Չայճումայի պատմութիւնը բանաւոր ներկայացնող Մուսթաֆա Զերենի հետ 1992 թ. արած եւ իր գրքում զետեղած հարցազրոյցում Չայճումայի յոյն բնակչութեան մասին գրում է.

«Չայճումայի քահանայի աղջիկը թուրք-մուսուլման մի երիտասարդի հետ փախաւ: Այդ դէպքը Չայճումայում մեծ ազդեցութիւն ունեցաւ: Այդ ժամանակ յոյները պատրաստւում էին հեռանալու Չայճումայից: Այն երիտասարդը, ում հետ փախել էր աղջիկը եւ ում ազգանունը հիմա «Կիրկին» է, քաղցրաւենիքի խանութ ունեցող եւ ձո­ւի առեւտրով զբաղուող Հոճաօղլուներից Տերվիշ Օմերի մեծ որդին` Ճելալէտտինն էր: Հետագայում աղջիկն իր ցանկութեամբ իսլամ ընդունեց, ու անունը «Հուսնիյէ» դրեցին: Մինչեւ յոյների այդտեղից գնալը` ճոխ մի հարսանիք կազմակերպո­ւեց: Տիկին Հուսնիյէն ու երեխաները հետագայում Պոլիս տեղափոխո­ւեցին: 1989 թ. տիկին Հուսնիյէն Չայճումա եկաւ, ինձ գտաւ: Պոլսում իր երեխաները ձուլարան ունէին: Այդ գիշեր նա մնաց մանկութեան ընկերոջ` Հիւսնու Քիւքթիւրքի մօր տանը: Այդտեղից Պոլիս գնացած հայ երկու ընտանիքներից մէկը` Էմինեոնիւում «Ոսկէ մսագործ» անունով մի աշխատատեղ բացեց: Իսկ միւսը` Օսիկեան անունով, Օրթաքէօյում է մսագործութեամբ զբաղւում: Տարիներ անց, նրանցից մէկի հետ զրոյցի ժամանակ, նա ինձ ասաց.- «Միշտ ցանկանում ենք Չայճումա գալ, կարօտում ենք: Ծնողներ չունենք, սպաննեցին: Ես Չայճումայում եմ ծնո­ւել ու մեծացել»:

Հարիւրաւոր տարիներ այդ հողերի վրայ ապրած հազարաւոր մարդիկ իրենց հետ միասին տարել են նաեւ տխուր-ուրախ յիշողութիւնները: Հիմա որտե՞ղ են այդ մարդկանց երեխաները, թոռները։

Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ


+