Խաղաղութեան եւ Համախմբման Տարի - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

04 Ocak 2021  

Խաղաղութեան եւ Համախմբման Տարի -

Խաղաղութեան եւ Համախմբման Տարի Խաղաղութեան եւ Համախմբման Տարի

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, բարեկամներ,

Սփիւռքում ապրող իմ քոյրեր եւ եղբայրներ,

Աւանդոյթի համաձայն՝ Նոր տարուայ եւ Սուրբ ծննդեան առիթով միմեանց շնորհաւորում եւ բարեմաղթանքներ էինք յղում։

Սակայն, 2020-ը այնպիսի հարուած հասցրեց մեր ազգին ու պետութեանը, որ բառերն անգամ կարկամում են, եւ չեմ կարողանում արտայայտել յոյզերի հեղեղը։

Հոգիս տնքում է Հայրենիքի կորստեան ցաւից, մեզ պատած անասելի վշտից, քանզի անգամ 21-րդ դարում եղեռնի սարսափների միջով անցաւ մեր ողջ ժողովուրդը։

Հայաստանը դարձել է որբի եւ ողբի հայրենիք։

Մենք կրեցինք ծանր ու անդառնալի կորուստներ, զոհուեցին հազարաւոր հայրենասէր ու խիզախ երիտասարդներ, մենք կորցրինք մի ծաղկուն սերունդ, որոնց շիրիմների առջեւ խոնարհւում ենք ու սգում․․․Միաժամանակ, պէտք է ազգովի խոստանանք, որ շարունակելու ենք սուրբ նահատակների գործը։

Կիսում եմ որդեկորոյս մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների վիշտն ու կսկիծը եւ քաջ գիտակցում, որ հայոց մայրերը Հայրենիքի փրկութեան զոհասեղանին դրեցին ամենաթանկն ու ամենանուիրականը ՝ զաւակների կեանքը։

Չգիտեմ, թէ մխիթարանքի ի՞նչ խօսքեր ուղղեմ այն ընտանիքներին, մայրերին, որոնց գիշերուզօր մաշում է անորոշութեան ահաւոր ցաւը, որոնց զաւակները գերութեան կամ անյայտութեան մէջ են։

Կամ՝ հնարաւո՞ր է արդեօք սփոփել մեր այն հայրենակիցներին, այն ընտանիքներին, ովքեր կորցրել եւ, աւա՜ղ, շարունակում են կորցնել հայրենի օջախները, հարազատների շիրիմները, մեր յուշարձանները, հայրենի գիւղերն ու քաղաքները եւ նոյնիսկ իրենց ձեռքով այրել ու այրում են սեփական քրտինքով, ծանր աշխատանքով, տասնամեակների տնքնանքով կառուցած տները․․․

Խորին երախտագիտութիւն հայրենասէր զինուորներին ու սպաներին, կամաւորականներին ու երկրապահներին, ովքեր կատարեցին անուրանալի հերոսութիւններ, շնորհակալութիւն սպիտակ խալաթաւորների աննկուն բանակին, ովքեր ինքնամոռաց նետուեցին պատերազմի բոցերի մէջ՝ մահուան ճիրաններից փրկելով հազարաւոր հայորդիների եւ ովքեր գրեթէ մէկ տարի է, ինչ յամառօրէն պայքարում են համավարակի դէմ։

Բառերն անզօր են նկարագրել այն սփիւռքահայ հայորդիների սխրանքը, ովքեր մեկնեցին Արցախ եւ կենաց-մահու պայքարի մէջ մտան թուրք ելուզակների ու ահաբեկիչների դէմ, եւ նրանցից ոմանք էլ նահատակուեցին։

Ինչպէ՞ս երախտապարտ չլինել աշխարհի տարբեր անկիւններում ապրող հայ մարդկանց։ Հայրենիքի փրկութեան համար ոտքի ելաւ ողջ հայութիւնը, մէկ բռունցք դարձաւ, իր նիւթական, ֆինանսական հնարաւորութիւններով զինուորագրուեց Արցախի պաշտպանութեան սուրբ գործին։ Սփիւռքն անտարբեր ու սառը աշխարհից պահանջեց միջամտել թուրք-ազրպէյճանա-ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին՝ ի չիք դարձնել հայկական պատմական հողի, Հայոց երկրորդ պետութեան նկատմամբ նրանց նորօսմանական նկրտումները, սակայն՝ զուր․․․

Սիրելի՛ հայրենակիցներ,

որքան ծանր է իրականութիւնը, այնքա՛ն դժուար է դարձել ապրելը․․․

Սակայն, պէտք է ապրել ու տոկալ, պայքարել ու դիմակայել․․․

Պէտք է մեր մէջ ուժ գտնենք, որպէսզի 2021 թուականին կարողանանք վերականգնել մեր ոտնահարուած արժանապատուութիւնը, վերագտնեք աշխարհում մեր պետութեան, հայի նկատմամբ եղած յարգանքը։

Անհրաժեշտ է վերականգնել ժողովրդի խարխլուած հաւատը, որպէսզի հաւաքական ուժով դիմակայենք բազում մարտահրաւէրների, լուծենք Հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները եւ լծուենք ազգային պետականութեան ամրապնդման, Արցախի անվտանգութեան ապահովման, փախստականների, վիրաւոր, հաշմանդամ զինուորների, զոհուածների, գերեվարուածների ընտանիքների բազում հիմնախնդիրների լուծման գործին։

Պէտք է դրսեւորել կամք ու վճռականութիւն, սիրով ու հոգատարութեամբ լցուել մէկմէկու նկատմամբ, միմեանց նեցուկ լինել եւ համազգային ներուժը համախմբել մեր Հայրենիքի շուրջ։

Նոր տարում պետութեան, ազգի գերխնդիրը պէտք է լինի Հայոց բանակի վերազինումն ու վերակառուցումը, նրա երբեմնի փառքի ու անպարտելիութեան վերականգնումը, մեր պաշտպանութեան, անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան ապահովումը, իսկ դրա համար հարկաւոր է վերանայել պետական պիւտճէն եւ պատկառելի միջոցներ յատկացնել պաշտպանութեան եւ ռազմական նպատակների համար։

Ճիշտ ռազմավարութիւն որդեգրելով, արդիւնաւէտ եւ ազգաշահ քաղաքականութեամբ, խելամիտ դիւանագիտութեամբ կարող ենք նպաստել տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմանը։

Անհրաժեշտ է օրնիբուն աշխատանք տնտեսական, քաղաքական, ռազմարդիւնաբերական, բանակաշինական, իրաւական, կրթական, գիտական, արհեստագիտական, մշակութային, առողջապահական, ընկերային ապահովութեան եւ միւս ճակատներում՝ ուղենիշ ունենալով հայ ժողովրդի ազգային արժէքները, ապաւինելով Հայոց եկեղեցու ուխտին ու հոգեւոր կողմնորոշիչներին, պաշտպանելով մեր ընտանիքները, շէնացնելով մեր գիւղերն ու քաղաքները, հզօրացնելով Հայոց բանակը, անաղարտ պահելով մայրենի լեզուն ու Հայոց պատմութիւնը, զօրավիգ լինելով միմեանց։

Հայրենափրկութեան գործը բոլորինս է եւ համախմբում է պահանջում Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում։

Թող Նոր տարին մեզ բերի խաղաղութիւն, համերաշխութիւն, յաջողութիւն եւ յաղթանակներ, եւ թող Քրիստոսի Ծննդեան լոյսը գօտեպնդի հայ ժողովրդին՝ դուրս գալու այս ահաւոր մղձաւանջից։

Ես հաւատում եմ, որ, ինչպէս Աւետիս Ահարոնեանն է ասել՝ «Դեռ կայ հրաշքը»․․․

Հարկաւոր է ջանք գործադրել եւ Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ-Սփիւռք եռամիասնութեամբ անել ամեն ինչ, որպէսզի մեր Հայրենիքը վերջապէս դառնայ Ամենայն Հայոց բանաստեղծի երազած Յոյսի Հայրենիքը, Լոյսի Հայրենիքը։

Խորին հարգանքով եւ սիրով՝

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+