​Հայերեն աղոթք է հնչել Վատիկանում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության ժամանակ - Հայերէն
20 Ekim 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Սահմի / Օր : Արագած / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

20 Ekim 2025  

​Հայերեն աղոթք է հնչել Վատիկանում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության ժամանակ -

​Հայերեն աղոթք է հնչել Վատիկանում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության ժամանակ ​Հայերեն աղոթք է հնչել Վատիկանում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության ժամանակ

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանը և ևս 6 երանելիների սրբադասման ժամանակ հայերեն աղոթք է հնչել
Հայերեն աղոթք է հնչել Վատիկանում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման արարողության ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանը և ևս 6 երանելիների սրբադասման ժամանակ հայերեն աղոթք է հնչել։

ԻգնատիոսՄալոյանը, Մելքոնի և Ֆարիդեի որդին, ծնվել է 1869 թվականին, Մարդինում (Օսմանյան կայսրություն):

Աղբյուրների համաձայն՝ ծխական քահանան է առաջինը նկատում տասնչորսամյա տղայի մեջ քահանայական կոչման նշաններ, ուստի ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք, Լիբանան։ 1896 թվականին նա ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում, և անդամագրվում միաբանությանը՝ վերցնելով Իգնատիոս անունը՝ Սբ Իգնատիոս Անտիոքացի նահատակի անունը։

1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխատեր հոգևորական։ 1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի եպիսկոպոս։

Հայոց ցեղասպանության ամենասկզբում՝ 1915 թվականի ապրիլի 30-ին թուրքական զինվորները շրջափակում են Մարդինի Հայ Կաթողիկե առաջնորդի նստավայրը և եկեղեցին՝ ամբաստանելով, որ վայրը զենքի թաքստոց է։ Արդեն մեկ ամիս անց՝ հունիսի 3-ին թուրք զինվորները ձերբակալում են արքեպիսկոպոս Մալոյանին և նրա հետ՝ քսանյոթ հայ կաթողիկե նշանավոր անձանց, իսկ հաջորդ օրը՝ մնացած հոգևորականներին ու բազմաթիվ հավատացյալների։

Դատավարության ընթացքում ոստիկանապետ Մամդուհ բեյը պահանջում է, որ արքեպիսկոպոսն ընդունի իսլամ։ Սակայն նա հրաժարվում է, և հայտարարում, որ պատրաստ է դիմանալու ցանկացած չարչարանքի և նույնիսկ մահվան է պատրաստ, քանզի դա կլինի իր երջանկությունը։ Մամդուհ բեյն ատրճանակի կոթով հարվածում է նրա գլխին և հրամայում բանտարկել։ Զինվորները շղթայում են նրա ձեռքերն ու ոտքերը, ծեծի ու կտտանքների են ենթարկում՝ հանելով նրա ոտքի եղունգները։ Վկայված է, որ հունիսի 9-ին մայրն է այցելում նրան, իսկ արդեն հաջորդ օրը զինվորները հավաքում են չորս հարյուր քառասունյոթ Մարդինի հայերի ու պահակախմբի հսկողությամբ նրանց տանում դեպի անապատ։

Աստիճանաբար պարզ է դառնում, թե որն է լինելու իրենց վախճանը։ Ողջ ընթացքում նա քաջալերում է իր հոտին հաստատ մնալ հավատքի մեջ։ Ճանապարհի մի հատվածում բոլորը ծնկի են գալիս նրա հետ, հոգևորականները հավատացյալների մեղքերի թողություն են տալիս։ Եպիսկոպոսը հանում է մի կտոր հաց, օրհնում այն, արտասանում համապատասխան բառերը Պատարագից աղոթասացությունից ու տալիս իր քահանաներին՝ բաժանելու ժողովրդին։ Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանի ու նրա հետ տեղահանության ենթարկվածների վերաբերյալ պատմվում է, որ ճանապարհին «Մալոյեան Գերապայծառը կը սրբագործէ հացը, քահանաները սուրբ մասնիկները կը բաշխեն հաւատացեալներուն: Այս երկնային արարողութեան դէպքին ականատես զինուորները կը պատմեն, թէ լոյսի թանձր ամպ մը ծածկեց Քրիստոսի մարտիկներու փաղանգը, զանոնք ամբողջովին թաքցնելով զինուրներուն աչքերէն: Անուշահոտ բուրմունք մը տարածուեցաւ բոլորին վրայ»:

Մամդուհ բեյը կրկին հրամայում է զատել առաջնորդին մյուսներից, ու կրկին պահանջում, որ նա ընդունի իսլամ, բայց կրկին մերժում է ստանում. «Ես արդեն ասել եմ՝ ես կապրեմ և կմեռնեմ հանուն իմ հավատքի և կրոնի։ Ես հպարտանում եմ իմ Աստծո և Տիրոջ Խաչով»։ Մամդուհն ատրճանակով կրակելով սպանում է Մալոյանին։ Վերջին շունչն արձակելուց առաջ նա բարձր ձայնով աղաղակում է. «Աստված իմ, ողորմիր ինձ, քո ձեռքն եմ ավանդում հոգիս»։ Ըստ վկայությունների՝ Իգնատիոս Մալոյանը նահատակվում է հունիսի 10/11-ին՝ Տիգրանակերտից կիլոմետրեր հեռու՝ Կարաքյոփրուի կամուրջի տակ։






Bu haber newsarmenia kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (newsarmenia) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(newsarmenia). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+