Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականներին. ի՞նչ պատ - Հայերէն
13 Ağustos 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Պարխար / Ժամ : Լուսակն

Հայերէն :

07 Ağustos 2026  

Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականներին. ի՞նչ պատ -

Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականներին. ի՞նչ պատ Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականներին. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով

2026 թվականի հուլիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել յոթ անձի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին։  Iravaban.net – ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Գործն առաջին անգամ է ստացվել դատարան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Դեպքի հանգամանքները

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդյայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Հունվարի 16-ին դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ պարտավորեցնելով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, ինչպես նաև արգելելով որևէ գործողություն, որը կարող է խոչընդոտել նրան իրականացնելու թեմի առաջնորդի իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում՝ թեմի ֆինանսական հաշիվների տնօրինումը։

Ըստ մեղադրանքի՝ նույն օրը դատարանը տրամադրել է կատարողական թերթ, որի հիման վրա հարկադիր կատարողը կայացրել է կատարողական վարույթ հարուցելու որոշում, և հունվարի 19-ին այդ փաստաթղթերն առձեռն տրամադրվել են Մայր Աթոռին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ, և այդ առաջարկի հիման վրա Գարեգին Բ Ներսիսյանն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կարգալույծ է հռչակել Արման Սարոյանին՝ այդ կերպ, ըստ մեղադրանքի, խոչընդոտելով դատարանի կայացրած ակտի և կատարողական թերթի պահանջների կատարմանը։

Ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել

Մեղադրանք է առաջադրվել յոթ անձի.

Գարեգին Բ Ներսիսյան՝ որպես «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ,

Նաթան Սամուել Օհանիսյան՝ արքեպիսկոպոս, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,

Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյան՝ արքեպիսկոպոս, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ,

Վահան Սարգիսի Հովհաննէսեան՝ եպիսկոպոս, Մայր Աթոռի եկեղեցական երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրեն,

Էդգար Գրիգորի Հակոբյան՝ եպիսկոպոս, Սյունյաց թեմի առաջնորդ,

Նելսոն Ռազմիկի Բաբայան՝ եպիսկոպոս, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն,

Արթուր Սամսոնի Հակոբյան՝ եպիսկոպոս, Գուգարաց թեմի առաջնորդ։

Բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ի՞նչ է սահմանում 507-րդ հոդվածը

ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև դրանք սահմանված ժամկետում չկատարելը կամ ակտով արգելված գործողություն կատարելը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Սույն գործով մեղադրանքն առաջադրվել է հենց 2-րդ մասով, ըստ որի նույն արարքը, կատարված իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Ուշադրություն դարձնենք տուգանքի հաշվարկին. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 3-րդ հոդվածով 1000 դրամանոց հաշվարկային հիմքը կիրառվում է ՀՀ օրենսգրքերի, օրենքների և այլ իրավական ակտերի իմաստով՝ բացառությամբ Քրեական օրենսգրքի։ Այսինքն՝ Քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքները հաշվարկվում են ոչ թե 1000 դրամից, այլ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից։

Ի՞նչ խափանման միջոց է կիրառվել

Դատալեքսի տվյալներով՝ յոթ մեղադրյալի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ե՞րբ է նշանակվել դատական նիստը

2026 թվականի հուլիսի 30-ին դատավոր Հակոբ Մանուկյանը որոշում է կայացրել վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին՝ 2026 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, դատական նիստերի թիվ 1 դահլիճում, դռնբաց դատական նիստում, – տեղեկացնում է Iravaban.net – ը։

Ծանուցում.   Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+