Արցախաբնակ Եւրոպացիները - Հայերէն
02 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Հրանդ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

15 Haziran 2016  

Արցախաբնակ Եւրոպացիները -

Արցախաբնակ Եւրոպացիները Արցախաբնակ Եւրոպացիները

Հայ, ռումանացի, արցախաբնակ: Խօսքը ոչ թէ երեք տարբեր, այլ մէկ անձի մասին է: Քրիստինա Ռակեդջեանը ծնուել-մեծացել է Ռումանիայում, յետոյ բնակութուն է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ: Ազգութեամբ, հոգով ու մտածելակերպով հայ է:


Վերջին անգամ` 2012-ին, երբ զրուցում էի նրա հետ, 2 տարի էր, ինչ տեղափոխուել էր Արցախ եւ ընտանիք կազմել: Թէեւ հասցրել էր «ճաշակել» նոր բնակավայրի ինչ-ինչ կենցաղային դժուարութիւններ, այդուհանդերձ, գոհ էր իր կեանքից, եւ աչքերում երջանկութեան փայլը կար. վերջապէս երազանքը կատարուել էր` տեղափոխուել էր հայրենիք: Ինքնակամ լքելով եւրոպական բարեկեցութիւնը` աղջիկը նախընտրել էր ապրել արցախցի պարզ գիւղացու կեանքով, բայց ապրել հայրենի՛ հողի վրայ: Տարիներ առաջուայ անչափ տպաւորիչ զրոյցից ինձ համար անմոռանալի էր համարձակութեամբ եւ կամքի ուժով լեցուն Քրիստինայի այս խօսքերը. «Կեանքի լիութիւնը նիւթականի մէջ չէ… երբ որ ձմրանը ջուր չի լինում սառած խողովակի պատճառով, հոգ չէ, կը տաքացնեմ»:


Վերջերս Ղարաբաղում ստեղծուած պատերազմական իրադրութեան պատճառով ողջ հայութեան խոր մտահոգութեան «թիրախը» կրկին Արցախն էր: Թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում սրտի թրթիռով էինք հետեւում առաջնագծից ստացուող լուրերին: Զինուորներից զատ, ամէնքիս յուզում էր նաեւ այս հարցը` իսկ ինչպէ՞ս է թիկունքում արցախցին… Յիշեցի Քրիստինային եւ իր նորաստեղծ ընտանիքը: Տեղեկութիւն չունէի իրենցից` որտե՞ղ են արդեօք հիմա, դեռ Շուշիո՞ւմ են, թէ՞ չի յաջողուել յարմարուել նոր կեանքին ու վերադարձել են ծննդավայր… Գուցէ մինչեւ պատերա՞զմն են այնտեղ ապրել, իսկ յետոյ պատերազմի սարսափը ստիպել է լքել նոր տունը:

Որոշակի ժամանակ փնտռելուց յետոյ ուրախ էի, որ գտայ իրենց եւ ստացայ բոլոր պատասխաններս: Նախ ուրախալի էր, որ Ռակեդջեանների ընտանիքում համալրում էր տեղի ունեցել` ծնուել էր 2-րդ երեխան:


Իսկ նրանք ոչ միայն չէին լքել Արցախը, այլեւ այն թէժ օրերին փորձել էին առաջնագիծ մեկնել: Քրիստինայի ամուսինը` Արմէն Ռակեդջեանը, ով ի դէպ ֆրանսահայ է եւ Ղարաբաղում ապրում է դեռ 2004-ից, մի քանի անգամ դիմում էր ներկայացրել` որպէս կամաւոր պատերազմին մասնակցելու համար: Արմէնը նոյնիսկ զինուորական համազգեստը, կօշիկները եւ սնունդի պաշարն էր սեփական գումարով գնել, որպէսզի, ինչպէս ինքն էր ասել, ազգային բանակի համար հոգս չլինի:


Այսպիսի զարմանալի եւ հիանալի հայրենադարձ ընտանիքի մօր մտածումներին առիթ ունեցանք ծանօթանալ, երբ Քրիստինան սիրով համաձայնեց զրուցել «Ազդակ»-ի հետ:

«Սեփական երկրում ապրելը համարում էի իմ պարտքը հայրենիքի հանդէպ», ծննդավայրը լքելու պատճառը այսպէս հիմնաւորեց երիտասարդ կինը, իսկ հարցումին, թէ ամենաշատը ի՞նչն է սիրում Արցախի մէջ, եւ ինչպիսի՞ն են տպաւորութիւնները, նա ասաց հետեւեալը. «Դժուար է պատասխան գտնել, քանի որ բացի 2 բանից` սիրում եմ ամէն ինչ: Չսիրուածները հետեւեալն են` մշուշը եւ ցեխը: Տպաւորութիւններ էլ ունէի տեղափոխուելուց մի քանի ամիս անց. հիմա արդէն տպաւորութիւններից աւելին ունեմ, կարելի է ասել` հաստատուած մտքեր: Որ Արցախի ժողովուրդը հիւրասէր է, աշխատասէր է, դժուար պահերին միասնական է: Վերջին իրադարձութիւնները ապացուցեցին նաեւ, որ այս երկիրը արժանի է մեր սիրուն եւ հաւատարմութեանը. նկատի ունեմ` գործնականում»:

Իսկ պատերազմի մասին Ռակեդջեանները տեղեկացել են հեռուստացոյցից եւ անմիջապէս քայլեր են ձեռնարկել. «Շաբաթ օրն էր, աղջկաս տարել էի մանկապարտէզ, յետոյ հարեւանուհուս տուն գնացի` զրուցելու: Յանկարծ իրեն զանգահարեցին մանկապարտէզից, որպէսզի իր երեխային տուն տանի, եւ ասել էին, որ ամէնքին տուն են ուղարկում: Այնուհետեւ, երեկոյեան, երբ ամուսինս աշխատանքից վերադարձել էր արդէն, հեռուստացոյցով մանրամասներ իմացանք, թէ ի՛նչ է տեղի ունեցել: Իսկ երբ ընկալեցինք իրավիճակը, Արմէնի հետ սկսեցինք տարբեր քայլեր ձեռնարկել, նկատի ունեմ` սնունդի պաշարներ պատրաստել, ինչպէս նաեւ անվտանգութեան հարցեր լուծել», պատմեց Քրիստինան:


Հարցումին, թէ այդ օրերին Արցախը լքելու որեւէ տրամադրութիւն ունեցա՞ք արդեօք, նա հետեւեալ պատմութեամբ պատասխանեց. «Շաբաթներ առաջ երկու լրագրողների հետ այցելեցինք մի զոհուած կամաւորի շիրիմին: Այս մարդը 40 տարեկան էր: Թէեւ չէի ճանաչում նրան, սակայն շատ յուզուեցի եւ ակամայ արցունքներս սկսեցին թափուել: Ահաւոր ցաւ էր ինձ համար գիտակցել, որ նա երկու շաբաթ առաջ ընտանիքի հայր էր, զաւակ, ընկեր, իսկ հիմա դարձել է հողի տակ սառած դիակ: Այդ ժամանակ հաստատուեց այն միտքս, որ բարոյական իրաւունք չունեմ այս երկիրը լքելու, առաւել եւս, որ Շուշիում վտանգի մէջ չի կեանքս: Կարծում եմ` դաւաճանութիւն կը լինի նման պահերի թողնել երկիրը, որը մեր պապերի արիւնով ենք շահել եւ ամէն օր պահում ենք մեր երեխաների, հարեւանների, ընկերների, բարեկամների արիւնով»:

Ըստ արցախաբնակ կնոջից ստացուած տեղեկութիւնների, վերջերս սահմանում իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է. «Որքան լսում եմ իմ ծառայող ծանօթներից եւ հարեւաններից, սահմանում վիճակը պակաս լարուած է: Մեր` խաղաղ բնակչութեան հիմնական նիւթերը այս վիճակն է եւ նրա հետեւանքները, յատկապէս` տնտեսական: Դրական իմաստով բաւականին զարմացայ, թէ որքան միասնական են մարդիկ` պատրաստ օգնելու միմեանց, երբ մի քանի շաբաթ առաջ կարծես թէ քնած էին եւ երազում էին երջանկութիւնն ու բարեկեցութիւնը փնտռել այլ երկրներում»:


Քրիստինայի աշխատանքն Արցախում զբօսաշրջիկներին, օտարերկրեայ հիւրերին ուղեկցելն է` ծանօթացնելը վայրերին` որպէս թարգմանիչ եւ զբօսաշրջային առաջնորդ: Սակայն նա նաեւ տնային գործերին է ժամանակ յատկացնում, զբաղւում մեղուներով, հաւերով, բայց ինչպէս ընդգծեց, ամենասիրելի զբաղմունքը երեխաների հետ ժամանակ անցկացնելն է: «Ես ուզում եմ, որ իմ երեխաները հայ մեծանան, ինչը օտարութեան մէջ անկարելի կը լինէր: Մեծանալուց յետոյ իրենք թող որոշեն իրենց ապագան», նշեց նա:

«Արցախի ուժը միասնութեան մէջ է, ինչպէս նաեւ բնակեցման մէջ է», համոզուած է մեր զրուցակիցը. «Եկէ՛ք տուն, աշխարհում չկայ որեւէ վայր, որ գոնէ նման լինի մեր հայրենիքին», որպէս վերջաբան նա դիմեց աշխարհասփիւռ հայութեանը:

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+