Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Ուղերձը` Ամանորի Առիթով - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

04 Ocak 2016  

Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Ուղերձը` Ամանորի Առիթով -

Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Ուղերձը` Ամանորի Առիթով Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Ուղերձը` Ամանորի Առիթով

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփիւռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնը:

Գոհաբանական մաղթանքով, նոր յոյսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թուականին: Անցնող տարին մեզ համար նուիրական եղաւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչումով: Հայրենի պետութեան, մեր եկեղեցու եւ ժողովրդի ջանքերով աշխարհի բոլոր կողմերում կազմակերպուեցին յիշատակի միջոցառումներ: Ծիծեռնակաբերդում հրապարակուեց մեր արդար դատին հետամուտ լինելու եւ յաղթանակի առաջնորդելու «Համահայկական հռչակագիրը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարեցինք հաւատքի եւ հայրենիքի համար մարտիրոսութեան պսակն ընդունած մեր նահատակների սրբադասումը եւ սրբալոյս միւռոնի օրհնութիւնը: Յիշատակի միջոցառումները հոգեւոր նոր ուժ ու կորով բերեցին մեր կեանքին` առիթ դառնալով ազգային համախմբման, մեր սրտերում հաւատքի ու հայրենեաց սիրոյ զօրացման, ամրապնդելով արդարութեան հասնելու վստահութիւնը մեր ժողովրդի:

Անցնող տարում արձանագրած յաջողութիւնների ու ձեռքբերումների հետ ունեցանք եւ դժուարութիւններ ու հոգսեր, նաեւ` անհանգստութիւններ ու ցաւալի կորուստներ: Մեր ժողովուրդը արժանապատուօրէն, արիասիրտ, միաւորեալ ջանքերով դիմակայեց բոլոր մարտահրաւէրներին, պաշտպանեց հայրենի երկրի սահմանները, մեր կեանքի խաղաղութիւնը եւ թանկ գնով ձեռք բերուած նուաճումները: Միասնութեան այս ոգով, սիրելինե՛ր, եւ լաւատեսութեամբ դիմաւորենք Նոր տարին: 2016 թուականին Հայաստանում եւ Արցախում տօնախմբելու ենք մեր անկախ պետականութեան վերականգնման 25-րդ տարեդարձը: Ազգի եւ մեր պետութեան հզօրութեան նախանձախնդրութեամբ հայրենիքում եւ սփիւռքում միմեանց աջակից` ամէն կարելիութիւն ներդնենք շէնացնելու մեր երկիրը, բարօր դարձնելու մեր կեանքը եւ լուսաւոր` մեր ապագան:

Տարեմուտի այս երեկոյ, Սուրբ Ծննդեան նախասեմին առատացնենք մեր աղօթքը աշխարհի, մեր երկրի ու ժողովրդի խաղաղ եւ ապահով կեանքի համար: Յիշենք կարօտեալներին, նեղեալներին, հիւանդներին եւ վշտացեալներին, Մերձաւոր Արեւելքում պատերազմական փորձութիւնները կրող մեր եղբայրներին ու քոյրերին եւ մեր երկրի սահմանամերձ շրջաններում ապրող մեր ժողովրդի զաւակներին` մեկնելով նրանց սատարումի ու աջակցութեան մեր ձեռքը: Աղօթք բարձրացնենք մարտերում հերոսաբար զոհուած մեր որդիների, մեր երկրի սահմանները անձնուիրումով պաշտպանող քաջարի մեր բանակի զինուորների եւ հրամանատարների համար:

Առ Աստուած աղօթքով հայցում ենք նոր ձեռքբերումներ հայրենի իշխանութիւններին, մեր եկեղեցու սպասաւորներին, մեր ժողովրդի բոլոր զաւակներին: Ապահովութիւն` ընտանիքներին, պանծալի եւ բարի ծառայութիւն` մեր բանակի մարտիկներին, երկնային շնորհ եւ սէր` մեր մանուկ ու երիտասարդ զաւակներին, օրհնութիւն` համայն հայոց կեանքին:

Շնորհաւոր Նոր տարի: Բարի եւ օրհնեալ տարի:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+