​Ստամբուլի հայկական դպրոցի ազգանվեր գործը - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

31 Ocak 2020  

​Ստամբուլի հայկական դպրոցի ազգանվեր գործը -

​Ստամբուլի հայկական դպրոցի ազգանվեր գործը ​Ստամբուլի հայկական դպրոցի ազգանվեր գործը

Ստամբուլի կենտրոնում՝ բայց բոլորի հայացքից հեռու, գործում է Հրանտ Դինքի անվան դպրոցը: Գետիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու տարածքի մի անկյունում ծվարած փոքրիկ դպրոցը բացառիկ է ամբողջ Թուրքիայում:

Այստեղ կրթություն են ստանում Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած հայաստանցի միգրանտների երեխաները: Դպրոցի բացառիկությունը միայն այն չէ, որ մի հարկի տակ հավաքում է ներգաղթյալ հայաստանցիներին, այլ նաև այն, որ ուսումնական ողջ դասընթացը կազմակերպվում է Հայաստանի կրթական ծրագրին համապատասխան:

Դպրոցի ստեղծման պատմության, առօրյայի և խնդիրների մասին Ermenihaber.am-ին պատմել է դպրոցի հիմնադիր-տնօրեն Հերիքնազ Ավագյանը:

- Ինչպե՞ս է ստեղծվել դպրոցը:

- Դպրոցը բացվել է Հայաստանից Թուրքիա գաղթած հայ ընտանիքները ծնողների նախաձեռնությամբ: Հայաստանցիները դիմել էին պոլսահայերին իրենց երեխաների ուսումը կազմակերպելու համար: Գեդիկփաշայի եկեղեցու վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն համաձայն է տրամադրել տարածք, որտեղ ուսուցիչների առկայության դեպքում կարող էին կազմակերպել դասերը:

Սկսել ենք 2003թ. 6 աշակերտով, այժմ աշակերտների թիվը հասել է 120-ի: Դպրոցում աշխատում է 19 ուսուցիչ, բոլորն էլ որակավորված մանկավարժի կրթություն ունեն: Թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները Հայաստանի տարբեր շրջաններից են: Կրթությունը կազմակերպվում է Հայաստանի դասագրքերով և ՀՀ կրթական ծրագրին համապատասխան:

Դպրոցին կից նաև մանկապարտեզ ենք բացել: Երբ դպրոցը սկսեց գործել, հայաստանցի մայրիկները ցանկացան իրենց երեխաներին բերել այստեղ, որպեսզի նրանք հայկական միջավայրում մեծանան: Այդ պահանջն առաջացավ, քանի որ մեր մայրերը իրենց երեխաներին կամ թողնում էին որևէ մեկի մոտ, և երեխաները ամբողջ օրն անցկացնում էին հեռուստացույցի առջև, կամ ստիպված էին լինում հրաժարվել աշխատանքից:

Փոքրահասակ այդ երեխաները, բնականաբար, սկսեցին խանգարել դասապրոցեսին, և միտք առաջացավ մանկապարտեզ բացել: Խնդրեցինք Հայաստանից ծրագրեր և անհրաժեշտ նյութեր ուղարկել: Խնդրանքը կատարվեց: Այժմ կա փոքրիկների խումբ, 3-5 տարեկանների երկու խումբ:

- Ինչպիսի՞ն է դպրոցի առօրյան:

- Մեր օրը սկսվում է առավոտյան 8-ից: Առաջինը գալիս է հերթապահ ուսուցիչը, իսկ 8:30-ին՝ մյուս ուսուցիչները: Քանի որ ծնողները աշխատող են, երեխաներին շուտ են բերում, դասերից հետո երեխաները մնում են մինչև ժամը 17:00 կամ 17:30, մինչև մայրիկները գալիս են: Մեզ ծանրաբեռնելով ամեն հարմարություն փորձում ենք ստեղծել, որպեսզի մայրիկները կարողանան աշխատել: Այստեղ երեխաները ճաշում են, իրենց դասերն են սովորում:

Դպրոցը տալիս է 9-ամյա կրթություն, որից հետո երեխաները վերադառնում են Հայաստան, տալիս են համապատասխան քննությունները և ստանում ատեստատ: Մեզ մոտ դասավանդում ենք բոլոր այն առարկաները, որոնք ուսուցանվում են Հայաստանի կրթօջախներում:

Հայաստանում կրթությունը շարունակող երեխաներ ունենք: Օրինակ՝ Դիլիջանի դպրոցում, բուհերում և այլ ուսհաստատություններում: Ցավոք, կան նաև վերադարձողներ, որովհետև չունեն բնակարան, մի մասն էլ աշխատանք չունենալու պատճառով են վերադառնում Թուրքիա: Տղաները ոսկերչություն են սովորում, աղջիկներ էլ՝ որևէ մի մասնագիտություն:

Թուրքերեն չենք սովորեցնում, քանի որ մեր վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է: Սակայն, եթե կլինի մեկը, ով կցանկանա գալ և անվճար թուրքերեն դասավանդել, մենք ուրախ կլինենք: Բայց մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում անգլերենի և ռուսերենի ուսուցման վրա, որ Հայաստան վերադառնալիս սոցիալիզացիայի խնդիրներ չառաջանան: Հայաստանում շատերն են զարմանում, թե Թուրքիայից վերադարձածները ինչպես են կարողանում ռուսերեն խոսել:

- Պոլսի հայկական համայնքի դերը դպրոցի կյանքում:

- Համայնքի շնորհիվ է, որ դպրոցը կա: Դպրոցը վճարովի է, բայց այդ վճարը շատ չնչին է դպրոցը պահելու համար: Երեխաները ճաշում են, ուսուցիչները, խոհարարը, մաքրություն անողը, բոլորը վճարվում են: Համայնք է, որ օգնում է՝ իր անհատներով, հիմնադրամներով ու ձեռնարկություններով: Տարբեր տեսակի օգնություններ են լինում, որոնց շնորհիվ էլ դպրոցը գոյատևում է:



- Հայաստանյան զարգացումներն ազդեցություն ունեցե՞լ են:

- 2017 թվականի համեմատ երեխաների թիվը մի քիչ պակասել է: Սա կապված է Հայաստանում թավշյա հեղափոխության հետ: Որոշ ընտանիքներ հույսեր կապեցին, և մոտավորապես 20 աշակերտ վերադարձավ Հայաստան: Որոշները, սակայն, հետո հետ եկան Թուրքիա: Ես անկեղծ ասած հավատում եմ հայաստանյան փոփոխություններին, գուցե մի քիչ դանդաղ, բայց հավատում եմ: Այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, շատ երկար ենք սպասել: Մենք էլ պետք է փոփոխության մի մասնիկը դառնանք, մենք չպետք է սպասենք, մենք էլ պետք է մեր մտքի, մեր սրտի մեջ փոփոխություն մտցնենք:

Փորձում ենք մեր երեխաներին նոր արժեհամակարգով դաստիարակել: Չնայած այդ արժեհամակարգը ինձ համար նորություն չէ: Ես միշտ իմ երեխաներին, իմ աշակերտներին սովորեցրել եմ, որ պետք է լինեն ճշմարիտ քաղաքացի, անկախ այն բանից, թե դիմացինդ ինչ տեսակի է: Սակայն մատուցածդ ճշմարտությունը երեխաների համար շատ ռոմանտիկ է դառնում, երբ նրանք տեսնում են, որ ամեն դուռ, որ թակում ես, ուրիշ ճանապարհով պիտի մտնես: Բայց ես այդպիսին եմ եղել, և ուրախ եմ, որ այժմ կան այդ արժեհամակարգը կրող մարդիկ, և նրանց ձեռքում իշխանություն կա:

- Թուրքիայում ինտեգրման վտանգներ կա՞ն:

- Ես չեմ կարծում, որ մեզ մոտ ինտեգրման նման միտում կա: Իհարկե, կան բաներ, որ մենք Հայաստանից ուրիշ հայացքով ենք նայում Թուրքիային: Հիմա վստահ եմ, որ կարդացողները պիտի բարկանան, բայց մենք այստեղ տեսնում ենք շատ բաներ, որ մեր պատկերացրած հետամնաց Թուրքիան, որ մենք ունեցել ենք մեր պատկերացումներում, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, երբ մենք վերադառնում ենք, Հայաստանում տեսնում ենք շատ բաներ, որոցնում, ցավոք սրտի, Թուրքիայից հետ ենք մնում: Ամեն դեպքում Թուրքիայում մենք դրանց (դրական բաներ) կրողն ենք դառնում և մենք էլ պետք է որոշ բաներ տանենք մեզ հետ: Մեզ համար խորթ է, թե ինչպես է ամենահասարակ սպասարկման ոլորտում կատարվող առևտուրը կատարվում Թուրքիայում և ինչպես`Հայաստանում: Երբ մտնում ես ինչ-որ ապրանք ընտրելու և դու փորձում ես այն վերադարձնել, կարծիք հայտնել, տեսնում ես՝ ինչքան համբերատար են լսում քեզ և վերաբերվում: Այդ նույն բանը Հայաստանում չենք տեսնում, սա հասարակ օրինակ եմ բերում, էլ չասեմ, թե հիվանդանոց գնալիս ինչ տեսակ վերաբերմունքի ես արժանանում: Բայց Հայաստանը միշտ ցանկալի երկիր է մեզ համար և ոչ միայն մեզ, այլև պոլսահայերի համար:

Վերջիվերջո այն, ինչ ներկայացնում ենք «Արշակ և Շապուհ»-ում, միայն գեղարվեստական գրականության մեջ եղած իրականություն չէ: Մեր հողը, մեր տունը, մեր հայրենիքն այնտեղ է: Իմ երեխաները, որոնք ծնվել և մեծացել են Պոլսում, շատ սիրում են Հայաստանը, այնտեղ կա մի ազատություն, որ այն քո տուն է, քո հողը, որտեղ դու քեզ ուժեղ ես զգում: Կան, իհարկե, մշակութային տարբերություններ: Ցավոք, կան նաև առավելություններ, որ մենք տեսնում ենք այստեղ, բայց դրանք այնքան չեն, որ մեզ վանեն մեր երկրից, մեր հայրենիքից:

- Դպրոցի խնդիրների ու դժվարությունների մասին ի՞նչ կասեք:

- Ունենք դասագրքերի պակասության և մաշվածության խնդիր: Մեր բերած գրքերը որքան էլ նոր լինեն, Հայաստանում ծրագրային փոփոխություններ են լինում: Որքան էլ հետևում ենք այդ փոփոխություններին, երբեմն հետ ենք ընկնում: Գրքերը շատ դժվարությամբ ենք ձեռք բերում: Նախարարության տրամադրած գրքերը շատ սահմանափակ են: Իրենք հիմնականում հայագիտական գրքեր են պատրաստում սփյուռքի դպրոցների համար, բայց մենք սփյուռքի դպրոց չենք, մենք հայաստանյան մի դպրոց ենք: Դիմել ենք, խոստումներ ենք ստացել, հույս ունենք՝ նոր գրքեր կստանանք:

Գեղարվեստական գրքերից որոշները կրկին նախարարությունից ստացել ենք, մարդիկ գրքի հավաք են կազմակերպել մեզ համար, «Անտարեսն» է գրքեր նվիրել, այդպես կազմվել է մեր գեղարվեստական գրքերի գրադարանը:

Իհարկե, այս տարածքն ի սկզբանե նախատեսված չի եղել դպրոցի համար: Ժամանակին այն օգտագործվել է Անատոլիայից եկած հայ երեխաների համար: Ճիշտ է, դասասենյակները փոքր են, սեղմված ենք, բայց այս հնարավորության համար էլ ենք շնորհակալ Աստծուն: Այլընտրանք չունենք, միակ հնարավորությունը սա է: Ընթացքում շատ փորձեցինք տեղափոխվել մյուս եկեղեցի, մեզ խոստացված տարածք Գում Գափըում, բայց չստացվեց:





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+