10 Կուսակցութիւններու Յայտարարութիւնը. Անհրաժեշտ Է Արդիականացնել Սեւրի Հաշտութեան Պայմանագիրի Միջազգ - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

14 Ağustos 2020  

10 Կուսակցութիւններու Յայտարարութիւնը. Անհրաժեշտ Է Արդիականացնել Սեւրի Հաշտութեան Պայմանագիրի Միջազգ -

10 Կուսակցութիւններու Յայտարարութիւնը. Անհրաժեշտ Է Արդիականացնել Սեւրի Հաշտութեան Պայմանագիրի Միջազգ 10 Կուսակցութիւններու Յայտարարութիւնը. Անհրաժեշտ Է Արդիականացնել Սեւրի Հաշտութեան Պայմանագիրի Միջազգային Ազդեցութիւնը

Սեւրի պայմանագիրի 100-ամեակի առիթով Հայաստանի Հանրապետութեան 10 կուսակցութիւններ տարածած են միասնական յայտարարութիւն մը, որ կը ներկայացնենք ստորեւ.

Յայտարարութիւն`
Սեւրի Պայմանագրի 100-ամեակի Առիթով

2020 թուականի օգոստոսի 10-ին լրացաւ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամեակը:

1920 թուականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում յաղթանակ տարած Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային` իբրեւ Աշխարհամարտում պարտուած կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետութիւնները եւ հարեւանների հետ ճշդել նոր սահմանները:

Սեւրի պայմանագիրը Մերձաւոր Արեւելքում, Հիւսիսային Ափրիկէ, Արեւելեան Եւրոպայում եւ Պալքաններում յարատեւ խաղաղութեան հաստատմանը միտուած աշխարհաքաղաքական բնոյթի յոյժ կարեւոր փաստաթուղթ է: Թէեւ աշխարհաքաղաքական հետագայ զարգացումները հնարաւորութիւն չտուեցին Սեւրի պայմանագիրը ստորագրող պետութիւններին վաւերացնել այն, այնուամենայնիւ այդ պայմանագիրը իրաւաքաղաքական կամքի բիւրեղացման հիմք դարձաւ բազմաթիւ պետութիւնների անկախութեան եւ միջպետական սահմանների որոշակիացման համար: Հետեւաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրուել է մասնակի` հիմնականում չկիրառուելով Հայաստանի մասով:

Պայմանագրի` Հայաստանին վերաբերող հատուածը, ի թիւս այլնի, առաւել համապարփակ է անդրադառնում Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանին:

Փաստենք, որ միջազգային մանդատով եւ իրաւարարութեամբ օժտուած Միացեալ Նահանգների 28-րդ նախագահ Վուտրօ Ուիլսընը նոյն թուականի նոյեմբերի 22-ին Միացեալ Նահանգների Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը եւ իր որոշումը յանձնեց պայմանագիրը ստորագրած պետութիւններին:

Յատկանշական է, որ Թուրքիայի նոյնիսկ այսօրուայ քաղաքական վարքը, որը յանգեցնում է միջազգային յարաբերութիւնների ապակայունացման եւ իրեն յարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարուածութեան, մեծապէս պայմանաւորուած է Սեւրի պայմանագրի` նաեւ Հայաստանին վերաբերող դրոյթների չկատարմամբ:

Հետեւաբար Թուրքիայի` օրեցօր աւելի յարձակողապաշտ եւ անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողութիւնների յետնապատկերի վրայ, նոյնիսկ մէկ դար անց արդիական են մնում ազգերի տարածաշրջանային արդար համակեցութեան սկզբունքները, արտայայտուած Սեւրի պայմանագրում, որպէս մոլորակի այս հատուածում յարատեւ արդար խաղաղութեան հաստատման, ազգերի եւ պետութիւնների իրաւահաւասար զարգացման գրաւական:

Ելնելով վերոգրեալից, ինչպէս նաեւ հաշուի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարեւորում է Սեւրի պայմանագրի եւ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի դերը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում` ընդգծում ենք.

1) Սեւրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ: Այն այսօր էլ գոյութիւն ունեցող (կամ իրաւայաջորդ) պետութիւնների միջեւ կնքուած միջազգային պայմանագիր է, որի ուժի մէջ մտնելը եւ գործադրումը կասեցուել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխութեան պատճառով:

2) Սեւրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պէտք է խթանուեն Հայաստանի Հանրապետութեան եւ պայմանագրի կողմ հանդիսացող պետութիւնների ակադեմիական հանրոյթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պէտք է ցուցեն դրա կարեւորութիւնն արդէն արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների շրջանակներում:

3) Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետութիւնների միջեւ չկայ մէկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրաւաչափ կերպով լուծում է երկու պետութիւնների սահմանային հարցը:

4) Սեւրի պայմանագրի եւ Ուիլսընի իրաւարար վճռի 100-ամեակի կապակցութեամբ անհրաժեշտ է հանդէս բերել քաղաքական նախաձեռնողականութիւն` ի ցոյց դնելով.

. միջազգային յարաբերութիւններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան հանդէպ դրսեւորած թշնամական քաղաքականութիւնը,

. Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան ապօրինի շրջափակումը,

. Թուրքիայի իշխանութիւնների մեղսակցութեամբ` հայկական պատմամշակութային ժառանգութեան արդէն մէկ դարից աւել տեւող հետեւողական իւրացումը եւ ոչնչացումը,

. Թուրքիայի կողմից Ազրպէյճանին ցուցաբերուող յարձակողապաշտ ռազմաքաղաքական աջակցութիւնը, ղարաբաղեան հիմնախնդրում նրա ներգրաւման ապակառուցողական փորձերը, որոնք յաճախ ուղեկցւում են պատերազմական սպառնալիքներով,

. Թուրքիայի կողմից հարեւան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,

. Թուրքիայում մարդու իրաւունքների, այդ թւում` ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանաւորչութեան,

. Թուրքական իշխանութիւնների մօտեցումների անհամատեղելիութիւնն արդի քաղաքական գործընթացներին եւ մարդկութեան դիմակայած մարտահրաւէրներին:

5) Անհրաժեշտ է, որ Սեւրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրաւունքի ներկայումս գոյութիւն ունեցող սուպիեքթները, ինչպէս նաեւ նրանք, որոնց սուպիեքթայնութիւնը պայմանաւորուել է պայմանագրով, դիրքորոշում յայտնեն համաձայնագրում ամրագրուած պետութիւնների քաղաքական ու իրաւական կամքի կարեւորութեան, ազգերի արդար համակեցութեան եւ դրա բացակայութեան պայմաններում խնդիրների արդիականութեան վերաբերեալ:

Մենք` ներքոստորագրեալ կուսակցութիւններս,

կարեւորում ենք Սեւրի հաշտութեան պայմանագրի պատմական, քաղաքական եւ իրաւական առաքելութիւնը` Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգութեան ու հետագայ զարգացման գործում,

անհրաժեշտութիւն ենք համարում Սեւրի հաշտութեան պայմանագրի հնարաւոր միջազգային ազդեցութիւնն արդիականացնելու գործընթացը,

յայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամութիւնը` մասնակցելու ազգային մեծ կարեւորութիւն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան հասարակական-քաղաքական կազմակերպութիւններին միանալ այս նախաձեռնութեանը:

Ստորագրող կուսակցութիւններ`

ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ՄԷԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+