​Քննական Բնագիր. Ամբողջական Օշականի Առաջին Քայլը - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

24 Ağustos 2020  

​Քննական Բնագիր. Ամբողջական Օշականի Առաջին Քայլը -

​Քննական Բնագիր. Ամբողջական Օշականի Առաջին Քայլը ​Քննական Բնագիր. Ամբողջական Օշականի Առաջին Քայլը

Գիտաուսումնական Կենտրոնը ուրախութեամբ յայտնում է, որ լոյս է ընծայել վիթխարի գրագէտի, մեծանուն ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ» քննական բնագրերի առաջին հատորը: Հեղինակի առաջին՝ «Խոնարհները» ժողովածուից ճիշդ 100 տարի անց տպագրուած այս մեծածաւալ գիրքն ընդգրկում է փոքր արձակն ամբողջութեամբ՝ քերթուածներ, այդ թւում՝ արձակ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հէքեաթներ եւ պատկերներ` անհրաժեշտ գիտական ծանօթագրութիւններով, բառարանով, անձնանունների եւ գրականութեան ծաւալուն ցանկերով:

Յակոբ Օշականի երկերի՝ լիակատարութեան ձգտող այս ժողովածուն յաւակնում է ամբողջացնել, եւ որ կարեւորն է, համեմատական ճանապարհով միասնական դարձնել գրողի հսկայական ժառանգութեան՝ վերջին հարիւր եւ աւելի տարիների տարաբնոյթ հրատարակութիւնների գիտական նկարագիրը՝ մատենագիտական քննական լոյսի տակ։

Գրքի խմբագիրներ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը եւ դոցենտ Քնարիկ Աբրահամեանը ելել են ճանաչողական այն հիմնադրոյթից, որ Յակոբ Օշականի ստեղծագործական կիզակէտը եղել է անդուլ ու տեւական երկխօսութիւնը համաշխարհային գրական-փիլիսոփայական բարձրաբերձ մակարդակ պահած, շարժում եւ աշխարհայեացք ձեւաւորած տիտանների հետ։ Նրանք վերհանել են դարասկզբի՝ ողբերգականօրէն ներհակ ժամանակի եւ ազգային բաւիղներում շլմորած անհատի երազանքը, ներաշխարհը, հայ-թուրք բազմածալ փոխյարաբերութիւնները, Պրուսայի աշխարհում ապրող հայութեան տառապանքն ու ինքնութեան դրսեւորումները։

Նկատենք, որ դիւրին չի եղել կազմողների ճանապարհը, որը ձգուել է 2011 թուականից ի վեր։ Նրանք յաղթահարել են օշականեան բնագրին մօտենալու դժուարութիւններ՝ սկսած նիւթերի ընդգրկումից՝ ձեռագրերից, ժամանակի մամուլի որոնումներից մինչեւ ծանօթագրման անհրաժեշտ մանրամասները, խմբագրական համեմատական տքնանքը, շտկումների եւ մեկնումների անվերջանալի շղթան։

Գիրքը տպագրութեան երաշխաւորել է Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական խորհուրդը: Արտաքին գրախօսներն են ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Պրօֆ. Սամուէլ Մուրադեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Յակոբ Չոլաքեանը: Հրատարակութիւնը հովանաւորել են ստամբուլահայ մտաւորականներ՝ ուղեգրող Արամ Գամպուրեանն ու թատերագիր, երջանկայիշատակ Արման Վարդանեանը:

Սիրելի՛ ընթերցողներ, խմբագիրները Օշականի փոքր արձակը երկիւղածութեամբ եւ սիրով յանձնում են հայրենի եւ սփիւռքահայ ընթերցողական լայն ու խստապահանջ լսարանի դատին:

Բարի՛ ընթերցում:

Առջեւում գրասէր բարձրաճաշակ հանրութեանը սպասում են Յակոբ Օշականի խոհագրութիւնները, վէպերը, թատրերգութիւնները, «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» եւ քննադատական մեկնութիւնների այնքան սպասուած գիտական հատորները։







Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+