Արցախի պատերազմում զոհուած հայորդիների յիշատակը յաւերժացնող խաչքարի օծում Արեւիկում - Հայերէն
23 Eylül 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Հոռի / Օր : Ծմակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

25 Ağustos 2020  

Արցախի պատերազմում զոհուած հայորդիների յիշատակը յաւերժացնող խաչքարի օծում Արեւիկում -

Արցախի պատերազմում զոհուած հայորդիների յիշատակը յաւերժացնող խաչքարի օծում Արեւիկում Արցախի պատերազմում զոհուած հայորդիների յիշատակը յաւերժացնող խաչքարի օծում Արեւիկում

«Դիր, Տէր, զամենազօր ձեռն քո ի վերայ նշանի խաչիս, եւ օրհնեայ. եւ տուր յաղթանակ փրկեալ ժողովրդեան քո, պարծելոցս ի կենսաբեր անուն քո. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն» (Կանոն Խաչ օրհնելոյ եւ օծանելոյ):

Ը. օր Վերափոխման:

Արեւիկի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց ձեռամբ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, առընթերակայութեամբ՝ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանի եւ Արժ. Տէր Նարեկ Քհն. Թադեւոսեանի: Այնուհետեւ, տեղի ունեցաւ խաչքարի օծման կարգ: Արարողութիւններին ներկայ գտնուեց նաեւ Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը:

Սուրբ գրային ընթերցումներից յետոյ, Արեւիկ գիւղի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան եւ համայնքի անունից հանդէս եկաւ Ռուբէն Սահրադեանը՝ ողջունելով եւ խորին շնորհակալութիւն յայտնելով Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին, հոգեւոր դասին, ինչպէս նաեւ բոլոր հիւրերին եւ ներկաներին՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ բակում տեղադրուած խաչքարի օծման հանդիսաւոր արարողութեանը իրենց մասնակցութիւնը բերելու համար:

Արցախեան հերոսամարտի նահատակների յիշատակին նուիրուած այս խաչքարը Եկեղեցուն է նուիրել գիւղի հաւատաւոր զաւակ Սերոբ Մխոյեանը: Եկեղեցւոյ բակում տեղադրուած խաչքարի յարակից տարածքը բարեկարգուել է, սալիկապատուել եւ ցանկապատուել: Այս աշխատանքները կամաւոր սկզբունքով իրականացրել է գիւղի եւ Եկեղեցւոյ մէկ այլ բարեպաշտ զաւակ Ալիկ Ղուդրատեանը, իսկ Խաչատուր Վանոյեանը, դարձեալ կամաւոր կերպով, կատարել է Եկեղեցւոյ արտաքին պատերի լուացման աշխատանքները: Ի նշան երախտագիտութեան՝ Առաջնորդ Հայրը օրհնութեան գրեր շնորհեց Արեւիկ գիւղի բնակիչներ Սերոբ Մխոյեանին, Ալիկ Ղուդրատեանին եւ Խաչատուր Վանոյեանին:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի խօսքը ուղղուած բոլոր ներկաներին. «Շնորհակալութիւն եմ յայտնում Աստուծոյ, որ նման համայնք կայ՝ հաւատարիմ Եկեղեցւոյ: Եւ այսօր, այս ամբողջ շրջանը՝ օգոստոս 15-ից մինչ օրս, որ տօնում ենք Աստուածամօր վերափոխման տօնը, կ’ուզէի, որ դուք էլ ինձ հետ միասին հասկանաք այն շնորհը, որ մեզ է տրուած Աստուածամօր միջոցով: Տեսէ՛ք հարազատ Որդու ազնուութիւնը եւ երախտագիտութիւնը, որ պատւում է իր Մայրը եւ հռչակում նրան որպէս մայր մարդկութեան, ով հոգածութեամբ, սիրով, զոհողութեամբ եւ խոնարհութեամբ աշխատում է մեզ պահել իր Որդու շնորհքի մէջ: Եթէ այս մայրը այսքան հոգածութիւն է տալիս մեզ, որքան եւս մենք պէտք է այս օրինակը առնենք Քրիստոս Յիսուսից՝ որպէս զաւակներ հարազատ, ազնիւ, խոնարհ եւ նուիրեալ, որպէս եղբայրասէր մարդկութիւն, հասարակութիւն, համայնք, անհատներ եւ ընտանիքներ: Այս հոգեւոր ներշնչումը մեզ պէտք է հարստացնի, որպէսզի կարողանանք այդ վկայութիւնը տալ մեր կեանքի ընթացքին: Դուք առատօրէն ստացաք Աստուծոյ օրհնութիւնը մկրտութեամբ եւ դրոշմով, սուրբ հաղորդութեան մասնակցութեամբ, երբ Քրիստոս անձամբ՝ մարմնով, հոգով եւ աստուածութեամբ մեր մէջ է, մեզ հետ, մեր հոգու հետ միասին: Այսօր, երբ այս ժանտախտը աշխարհում քանդում է ամէն ինչ՝ Քրիստոս մեզ առողջ է պահում: Մի՛ վախեցէք, երբ մօտենաք Քրիստոսը առնելու, քանզի Քրիստոս կեանքի աղբիւր է եւ մեզ պաշտպանում է ամէն տեսակ ժանտախտից ու հիւանդութիւնից: Եթէ Քրիստոսի հետ մնանք շնորհքի մէջ, մնանք մեղքից հեռու, ապա՝ ոչ ոք չի կարող մեզ բաժանել Նրանից: Պէտք է վստահութիւն ունենանք մեր կեանքում Աստուծոյ նախախնամութեան, ներկայութեան եւ անմիջական միջամտութեան մէջ: Քրիստոս շատ անգամ հրաշքներ գործելիս ասում էր. «Քո հաւատքը քեզ փրկեց, հաւատքդ է, որ քեզ տուեց այս շնորհը»: Երբեւէ չպէտք է երկմտենք կամ վախենանք, եթէ հաւատում եւ հաւատարիմ ենք Նրան, քանզի Քրիստոս մեզ հետ է: Ներթափանցէ՛ք ձեր սրտերից ներս, ձեր հոգու մէջ եւ ունեցէ՛ք արթնութիւնը, ունեցէ՛ք այն գիտակցութիւնը, որ. «Եթէ Քրիստոս մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ թշնամի դառնալ»»:

Պատարագի աւարտին Սրբազան Հօր առաջնորդութեամբ հոգեւոր դասը եւ ներկայ հաւատաւոր ժողովուրդը թափորով ուղղուեցին դէպի Եկեղեցւոյ բակ, որտեղ տեղի ունեցաւ խաչքարի օծման կարգը:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ





Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+