Atlantic Council-ի Առաջարկը Թրամփի Վարչակազմին․ Բաքուին Զէնքի -
Atlantic Council-ի Առաջարկը Թրամփի Վարչակազմին․ Բաքուին Զէնքի Վաճառքի Արգելքի Վերացում` Հայ Գերիների Ու Քաղբանտարկեալների Ազատ
ԱՄՆ-ի Ատլանտեան Խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զէնքի վաճառքի սահմանափակումները` Բաքուի կողմից տասնեակ քաղբանտարկեալների ազատ արձակման դիմաց: Մոդելը հիմնուած է այն մօտեցման վրայ, որը Սպիտակ Տունը յաջողութեամբ կիրառել է Բելառուսի հետ բանակցութիւններում, որի արդիւնքում ազատ է արձակուել աւելի քան 500 բանտարկեալ: Առաջարկի հեղինակները` Եւրասիայ կենտրոնի փոխտնօրէն Էնդրիւ Դանյերին եւ Եւրասիական կենտրոնի գիտաշխատող Մերսեդես Սապուպոն, գրում են, որ Հարաւային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան փոփոխութիւնը, Հայաստանում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները եւ վերջնական խաղաղութեան համաձայնագրի կարեւորությունը մեծացնում են Վաշինգտոնի եւ Բաքուի միջեւ «մեծ գործարքի» հաւանականութիւնը: Նշւում է, որ Թրամփի վարչակազմի կողմից Բելառուսի հետ կնքուած գործարքների արդիւնքում ապահովուել է հարիւրաւոր ձերբակալուածների ազատ արձակումը: Հարաւային Կովկասում Ադրբեջանի հետ նմանատիպ գործարքը կը բերի մեծ պարգեւներ` շատ աւելի քիչ ռիսկով: Այս «մեծ գործարքը» Ադրբեջանում իրականացնելու համար Թրամփի վարչակազմը պէտք է համագործակցի Կոնգրէսի հետ` առաջարկելու Բաքուին զէնքի վաճառքի արգելքի վերացում` փոխարէնը ազատ արձակելով երկրի բանտերում գտնուող անարդարացիորէն կալանաւորուած անձանց, որոնցից մի քանիսը կապէր ունեն ԱՄՆ-ի հետ: Նշւում է, որ սա հազուագիւտ պահ է երկկուսակցական յաղթանակի համար եւ համեմատաբար անվճար միջոց` բարելաւելու ԱՄՆ-ի յարաբերութիւնները Իրանի եւ Ռուսաստանի հետ սահմանակից կարեւոր ռազմավարական էներգետիկ եւ տրանսպորտային գործընկերոջ հետ: Սա խիստ խորհրդանշական է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կառավարութեան համար, որը այն համարում է Վաշինգտոնի հետ աւելի սերտ յարաբերութիւնների խոչընդոտ: Աւելին, ըստ հրապարակման` Վաշինգտոնի, Բաքուի ու Երեւանի միջեւ յարաբերութիւնները փոխւում են: Հայաստանն ու Ադրբեջանն աննախադէպ ուշադրութեան արժանացան ԱՄՆ-ի կողմից, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դարձաւ ԱՄՆ ամենաբարձր մակարդակի պաշտօնեան, որը Փետրուարին այցելեց այդ երկրներ` 2025 թուականի Օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ առաջնորդների մակարդակի գագաթնաժողովից յետոյ: Երեւանում փոխնախագահը յայտարարեց միջուկային էներգիայի միլիարդաւոր դոլարների աջակցութեան մասին, խօսեց ԱՄՆ-ի կողմից ֆինանսաւորուող խոշոր գերհաշուարկային նախագծի մասին: Բաքու այցի ժամանակ էլ համաձայնութիւն ձեռք բերուեց Միացեալ Նահանգների կողմից Ադրբեջանի հետ համագործակցելու մի շարք ոլորտներում, բայց որեւէ կոնկրետ համաձայնութիւն չեղաւ: Անդրադարձում նշւում է, որ Յունիսի 7-ին Հայաստանում անցկացուելու են խորհրդարանական ընտրութիւններ, եւ Փաշինեանը կարող է լուրջ փորձութեան ենթարկուել ռուսամէտ կուսակցութիւնների կողմից, որոնք կասկածամիտ են Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնելու նրա ջանքերի նկատմամբ: Կրեմլը լայնածաւալ կեղծ լուրերի գործողութիւն է իրականացնում` Փաշինեանի քարոզարշաւը խաթարելու համար: Բաքուի պաշտօնեաներն ու փորձագէտներն իրաւացիօրէն Փաշինեանին համարում են իրենց լաւագոյն հնարաւորութիւնը` վերջապէս համաձայնութեան գալու պաշտօնական խաղաղութեան համաձայնագրի հարցում եւ կարող են հակուած լինել գաղտնի աջակցել նրա թեկնածութիւնը: Ին՞չ աւելի լաւ միջոց կայ Փաշինեանի ռուսամէտ հակառակորդներին զսպելու եւ խաղաղութեան ուղիները պահպանելու համար, քան ընտրութիւններից առաջ բարձրաստիճան հայ բանտարկեալներին ազատ արձակելը, ասւում է հրապարակման մէջ: Բացի այդ, Ադրբեջանն աւելի մեծ աջակցութիւն է ստացել Միացեալ Նահանգների հանրապետականների կողմից եւ կարող է ցանկանալ առաջ շարժուել այս հարցի շուրջ հիմա, երբ Կոնգրէսը Հանրապետական կուսակցութեան ձեռքում է: Ահա թէ ինչու, ԱՄՆ միջանկեալ ընտրութիւններից ընդամէնը վեց ամիս առաջ, Թրամփի վարչակազմը կարող է գնալ առաջ, քանի որ հանրապետականների միասնական վերահսկողութիւնը, հնարաւոր է, դիւրացնի Թրամփի վարչակազմի համագործակցութիւնը Կոնգրէսի հետ` 907-րդ բաժինը չեղեալ համարելու համար: Նշւում է, որ բանտարկեալների ազատ արձակումը, որոնց պաշտօնեաները, սենատորները եւ փորձագէտները համարում են անարդարացիօրէն կալանաւորուած, պէտք է ներառի կոռուպցիայի դէմ պայքարի պաշտպան Գուբադ Իբադօղլուին, «Ազատութիւն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիօկայանների լրագրողներին, ինչպէս նաեւ որոշ հայ կալանաւորների: Անարդարացիօրէն կալանաւորուած մարդկանց ազատ արձակելու ազդեցութիւնը Միացեալ Նահանգների համար շատ աւելի արժէքաւոր կը լինի, քան գրեթէ ամէն տարի անտեսուող օրէնքի պահպանումը: Անդրադարձում ասւում է, որ Ադրբեջանում խաղադրոյքները շատ աւելի ցածր են: Միացեալ Նահանգները չի վերացնի պատժամիջոցները, պարզապէս հնարաւորութիւն կտայ շարունակել Բաքուին անվտանգային օգնութիւն ցուցաբերել: Այսօր ԱՄՆ ռազմական օգնութիւնն աննշան է․ 2002 թուականից ի վեր Միացեալ Նահանգները, ընդհանուր առմամբ, Ադրբեջանին տրամադրել է շուրջ 80 միլիոն դոլարի պաշտպանական օգնութիւն: Վենսը իր փետրուարեան այցի ժամանակ խոստացել է նոր օգնութիւն․ չճշտուած քանակութեամբ ծովային պարեկային նաւակներ` երկրի նաւահանգիստներն աւելի լաւ պաշտպանելու համար: Սրանք ոչ մահացու, չնչին քանակութեամբ անվտանգային օգնութիւն է, որը հնարաւոր է դարձել այն պատճառով, որ Միացեալ Նահանգներն ամէն տարի հրաժարւում է 907-րդ բաժնից: Այդ թիւը կարող է աճել, եթէ 907-րդ բաժինը չեղեալ յայտարարուի, եւ Վաշինգտօնն ու Բաքուն սկսեն բազմամեայ անվտանգութեան օգնութեան փաթեթներ կազմել: Այնուամենայնիւ, այդ օգնութիւնը, հաւանաբար, դեռեւս կը կենտրոնանայ ոչ մահացու սահմանային անվտանգութեան վրայ: Ադրբեջանն արդէն իսկ յարձակողական հնարաւորութիւններ է ձեռք բերում Թուրքիայից եւ Իսրայէլից` աւելի ցածր գներով, քան կարող են առաջարկել ամերիկեան ընկերութիւններն ու բաժնետոմսերը: Քանի որ Իրանը եւ Ռուսաստանի անհանգիստ հարաւային շրջանները մշտապէս անկայուն են, Ադրբեջանն աւելի շատ վաղ նախազգուշացման եւ սահմանային անվտանգութեան, քան մահացու հնարաւորութիւնների կարիք ունի: Ըստ հեղինակների` միակ բանը, որ Միացեալ Նահանգները կարող է կորցնել 907-րդ բաժինը չեղարկելով, լծակն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել այդ լծակը` հիմնուելով Բելառուսում քաղբանտարկեալներին ազատ արձակելու իր վարչակազմի յաջողութիւնների վրայ` միաժամանակ Հարաւային Կովկասում խաղաղութիւն խթանելու համար: Ալիեւը կարող է նոյնիսկ աւելի բաց լինել գործարքի համար, քան Լուկաշենկոն: Բելառուսի հետ համեմատ, որի ժողովրդավարամէտ շարժումը ներկայում գործում է աքսորում, բայց մնում է հզօր դիւանագիտական ուժ, Ադրբեջանի կառավարութիւնը բախւում է շատ աւելի զուսպ ընդդիմութեան հետ եւ կարող է ազատ արձակել կալանաւորներին` առանց վախենալու իր իշխանութեանը սպառնացող որեւէ իրական սպառնալիքից: Համաձայնագրի յաջորդականութիւնը Ամբողջական «մեծ գործարքը», առաջարկի համաձայն, պէտք է կառուցուած լինի հետեւեալ կերպ․ Յունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից առաջ Ադրբեջանը պէտք է ազատ արձակի 2023 թուականին Ղարաբաղում գերեվարուած որոշ հայերի` որպէս համաձայնագրի նկատմամբ բարի կամքի դրսեւորում: Այնուհետեւ Վաշինգտօնն ու Բաքուն պէտք է համաձայնուեն չեղարկել 907-րդ բաժինը` փոխարէնն ազատ արձակելով ադրբեջանցի եւ լրացուցիչ հայ բանտարկեալների: Նշւում է, որ առաջարկուող գործարքը բոլորի համար ինչ-որ բան ունի: Բաքուն ստանում է երկուսը` մէկի դիմաց․ այն պահպանում է խաղաղութեան բանակցութիւնների իրական գործընկեր` ի դէմս Փաշինեանի, եւ լուծում է իր գլխաւոր խնդիրը Միացեալ Նահանգների առջեւ: Թրամփի թիմն ազատ է արձակում անարդարացիորէն կալանաւորուածներին եւ ամրապնդում նախագահի խաղաղարարի կերպարը` գործնականում առանց որեւէ վճարի: Կոնգրէսի հանրապետականները նախագահի համար յաղթանակ են ապահովում արտաքին քաղաքականութեան մէջ, մինչդեռ դեմոկրատները կարող են գովաբանել իրենց դերը մարդու իրաւունքների ոլորտում հազուագիւտ յաղթանակի գործում․ երկուսն էլ յանգստացնում են մշտապէս ակտիւ հայկական սփիւռքը` ապահովելով Ղարաբաղի հայերի ազատ արձակումը: Երեւանը վերադարձնում է քաղաքացիներին եւ աւելի կայուն ուղի է ստանում հարեւանների հետ յարաբերութիւնների կարգաւորման համար: Այս պայմանաւորուածութիւնը պէտք է ներառի Բաքուին ուղղուած յստակ նախազգուշացում, որ ստացուող օգուտները կախուած են դժուարութեամբ ձեռք բերուած խաղաղութեան պահպանումից: Ընդգծւում է, թէ Միացեալ Նահանգների կողմից լրացուցիչ խթանման շնորհիւ Բաքուն ու Երեւանը կարող են եւս մէկ քայլ անել դէպի վերջնական խաղաղութեան համաձայնագիր` ազատ արձակելով ձերբակալուածներին: Կարեւոր է, որ բոլոր կողմերը գրեթէ առանց որեւէ գնի յաղթանակ տանեն արտաքին քաղաքականութեան մէջ: Թարգմանութիւնը` factor.am-ի
Bu haber massispost kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (massispost) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(massispost). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com